Փարաքար համայնքի բնակիչներն, որոնք այսօր բողոքի ցույց էին իրականացնում՝ պահանջելով իրենց համայնքում արտահերթ ընտրություններ, ավտոերթով շարժվել էին դեպի մարզկենտրոն՝ Արմավիրի մարզպետարան: Ինչպես տեղեկացանք, Փարաքարի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցությունից Վոլոդյա Գրիգորյանը մտել էր մարզպետարան՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի (լուսանկարում) հետ հանդիպելու:
Ավտոերթի մասնակիցները, սակայն սպասել էին դրսում:
15-20 րոպե անց մարզպետի հետ հանդիպելուց հետո Վոլոդյա Գրիգորյանը դուրս եկավ եւ հայտնեց, որ դիմում-նամակը մուտք են արել մարզպետարան, որտեղ նշել են Փարաքար համայնքի բոլոր 8 գյուղերում իրենց մտահոգող հարցերը. «Մենք նշել ենք, որ նորմալ չի կառավարվում համայնքը: Համայնքը ոչ պատշաճ ձեւով է ղեկավարվում, չունենք ոչ մի վարչական շրջանի ղեկավար, չունենք հաստատված բյուջե, դեռ կարող է 1-2 ամիս էլ այսպես գնա»:
Նրա խոսքով, մարզպետը նորմալ ընդունել է եւ ասել, որ համայնքապետի ընտրության հետ կապված հարցի պատասխանը կտա դատարանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ