«Քո ասած 3 միլիոն վարչապետերից մեկը ես եմ, արի, լսի: Չես գալիս, մարդ ուղարկի»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Փարաքարի բնակիչներից մեկը:
Այսօր Փարաքար համայնքի բնակիչները կրկին բողոքի ցույց էին անում՝ պահանջելով արտահերթ ընտրություններ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո այս համայնքում կրքերը չեն հանդարտվում: Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Սակայն ավագանու մնացած 11 անդամները 11 ձայնով համայնքապետ էին ընտրել Դավիթ Մինասյանին, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները:
Բնակիչները նշում են, որ համայնքի բնակիչներից 60 տոկոսից ավելին ստորագրություն է տվել, որ ընտրում են Վոլոդյա Գրիգորյանին, եւ հիմա պահանջում են, որ օրինական կարգով համայնքի ղեկավարի նոր ընտրություններ անցկացվեն: Ասում են՝ նոր ղեկավարի օրոք իրենց կյանքը դեպի լավը չի փոխվել, հակառակը՝ վատացել է, օրինակ՝ մանկապարտեզի վարձը 5 հազար դրամից դարձել է 7 հազար. «Առաջ էլ 7 հազար էր, բայց երկու հազարը, նաեւ գրենական պիտույքները հովանավորում էր գյուղապետը, հիմա եկել են նորերը թանկացրել են վարձը: Մենք էլ հրաժարվում ենք երեխաներին տանել մանկապարտեզ, թող ոնց ուզում են՝ խնդիրը լուծեն»,-նշեց մեկ այլ բնակիչ: Նրա խոսքով, ամեն ինչ թանկացել է, կյանքը՝ դժվարացել, մինչդեռ նոր իշխանությունները ընտրության օրերին խոստանում էին ամեն ինչ էժանացնել. «Ասում էին շատ երեխաներ ունեցեք, բազմազավակ հայր եմ, 3 երեխա ունեմ, ամսական 150 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, երեք երեխայի մանկապարտեզի վարձը միայն 21 հազար դրամ է: Բա այդ երեխան ուտել է ուզում, շոր է ուզում, որտեղի՞ց ենք վճարելու: Արդեն փոշմանել ենք, որ ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ վարչապետ գոռացինք: Ինչ լինում է՝ ասում են՝ նախկիններ, նախկիններ»:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցների խոսքով՝ «Ժողովուրդը չի նայում անձրեւին, ելել, պայքարում է իր արդար ձայնն է ուզում: Մեր պահանջն այն է, որ մենք Վոլոդյա Գրիգորյանին ընտրել ենք, ուզում ենք ինքը նստի համայնքի ղեկավար: Պահանջում ենք նոր ընտրություններ»,-ասաց համայնքի բնակիչներից մեկը:
Բողոքի ցույցից հետո նրանք ավտոերթով շարժվեցին դեպի մարզպետարան։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ