Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետին և 63-րդ հոդվածի 1-ին մասին։
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց. «Ես էլի պիտի վերահաստատեմ մեր այն կարծիքը, որ այս գործով որոշումները կայացվում են ամենայն հավանականությամբ ոչ այս դատավորի կողմից, ոչ այս դատարանում: Որոշումները թելադրվում են: Համենայն դեպս, գործի համար այն ամենակարևոր նշանակություն ունեցող որոշումները թելադրվում են դատարանին, և սա երևի բացատրություններից մեկն է, թե ինչու մեր միջնորդությունը մերժվեց: Սրանով դատարանն ինքն իրեն և ընդհանրապես դատավարությունը մտցրեց փակուղու մեջ»:
Հարցին՝ Վերաքննիչ դատարան դիմելո՞ւ եք, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Վերաքննիչ դատարան ենթակա է բողոքարկման, բայց, եթե առաջին ատյանի դատարանը գտել է, որ ինքը խնդրի հակասահմանադրականության հետ կապված հարց չի տեսնում, ապա Վերաքննիչ դատարանը չի կարող պարտավորեցնել առաջին ատյանի դատարանին այդ հարցին նայել այլ տեսանկյունից և չի կարող պարտավորեցնել, որպեսզի առաջին ատյանը դիմի ՍԴ: Կնայենք, թե առաջին ատյանի դատարանն ինչ պատճառաբանություն է բերում, մեր բողոքարկումն անիմաստ է լինելու, ամենայն հավանականությամբ: Վերջնական չասեմ, որ չենք բողոքարկելու, բայց, ամենայն հավանականությամբ, բողոքարկումն ուղղակի անիմաստ է լինելու»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ