«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանի գնահատմամբ, առաջադեմ մարդկության եւ միջազգային հանրության, կազմակերպությունների կողմից նկատելի չէ բավարար գնահատում եւ աջակցություն այն արժեքներին, որոնք որ հայերն ու Հայաստանն են որդեգրել՝ ապրելու համար, եւ սա մտածելու ու վերաիմաստավորելու տեղիք է տալիս:
Այսօր «Հայատյացությունն Ադրբեջանում եւ էթնիկ զտումների վտանգ Արցախում» թեմայով քննարկման ժամանակ նա նկատեց, որ շատ է բարձրաձայնվել այն մասին, որ հայատյացությունը միայն Հայաստանում կամ Արցախում չի դրսեւորվում, որ այն դուրս է գալիս հայկական պետությունների սահմաններից ու դա պետք է կանխել:
«Մենք այսօր տեսնում ենք, թե քանակով մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ ժողովուրդների մեջ ինչ է տեղի ունենում: Ուկրաինացիներն ու ռուսներն ի՞նչ հարաբերություններ ունեն այսօր, սա ատելության մի տրամաբանական շղթայի շարունակությունն է եւ եթե դա չի կանխվել մի փոքրիկ տարածքում կամ տարածքի նկատմամբ, ինչպիսինն Արցախն է, այն այսօր արդեն դարձել է մի ամբողջ մայրցամաքի համար վտանգ եւ Եվրոպան խոսում է այդ վտանգի մասին՝ իր տեսակետից ելնելով: Մենք նաեւ պիտի հասկանանք, որ մեկ օրվա մեջ ստեղծված տրամադրությունն ու վտանգն ինչքան դժվար է հանել, նույնիսկ եթե խոսքը գնում է սերունդների մասին: Երբ Բուդապեշտի ողբերգական դեպքը (նկատի ունի քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը Ռամիլ Սաֆարովի կողմից-Ն. Գ.) եւ դա ոնց ընդունվեց Ադրբեջանի կողմից, հետո շարունակվեց հարաբերություններն այդ երկրի ղեկավարի հետ՝ մնացած ամբողջ զարգացած աշխարհի կողմից, մենք շատ տրամաբանորեն կարող ենք դա համարել այն հիմքերից մեկը, ինչը որ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասաց Դավիթ Ամիրյանը:
Թե խնդիրն ինչպե՞ս պետք է լուծել՝ այսօրվա եւ հետագա քննարկումների հարց է:
Կարդացեք նաև
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով էլ ատելության քարոզը էթնիկ Հայերի նկատմամբ, մի քանի բաղադրիչ ունի, որից առաջնայինը Ադրբեջանի ներսում քարոզն է, որն էլ դրսեւորվում է հանրային խոսքում՝ պետական պաշտոնատար անձանց կողմից, մինչեւ ամենաբարձր մակարդակ: Նա համամիտ է Քրիստինե Գրիգորյանի հետ, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները եւ որակումները հետագայում հիմք հանդիսացան, պատերազմի ժամանակ վայրագ սպանությունների համար: «Նմանատիպ քարոզի արդյունքում ձեւավորված մթնոլորտն է, որ մարդկանց մեջ արթնացնում է գազանությունը՝ դրդելով պատերազմական հանցագործությունների»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ