Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ»-ը եւ «Հայաստան»-ը գոյություն չունեն․ անգամ իրենց միջից չէին կարող ընտրել թեկնածու»․ Ռուբեն Ռուբինյան

Մարտ 02,2022 14:08

ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանի հետ հարցուպատասխանից հետո ՔՊ-ական պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան ընդդիմության բոյկոտին՝ չմասնակցել նախագահի ընտրությանը։

Սերգեյ Բագրատյան․ «Ընդդիմադիրների քաղաքական ղեկավարը նշել է՝ ճիշտ կլիներ, որ նախագահի թեկնածու լիներ սրբազաններից որեւէ մեկը եւ կարողանար համախմբել հայ ժողովրդին։ Մեծագույն հարգանք ունենալով եկեղեցու հանդեպ՝ կարծում եմ, որ եկեղեցին այդ առաքելությունն ունի՝ առանց նման պաշտոն զբաղեցնելու։ Նախագահի ինստիտուտի դեպքում դա չէ ամենակարեւորը, եւ սահմանադրությունը տվել է նախագահի պարտականությունների սահմանումը։ Մենք ճիշտ ընտրություն ենք կատարել․ նախագահը կարեւոր առաքելություն ունի իրականացնելու»։

Սոնա Ղազարյան․ «Ընդդիմությունը դահլիճում չէ՝ բոյկոտելով այս նիստն այն պատճառաբանությամբ, որ չի ուզում լեգիտիմություն հաղորդել գործընթացին։ Մինչդեռ գործընթացը հավելյալ լեգիտիմության կարիք չունի։ Նախագահն ընտրվելու է այն խորհրդարանի կողմից, որը մի շարք միջազգային կառույցների կողմից գրանցվել է որպես ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարան»։

Էդուարդ Աղաջանյան․ «Սա այլեւս ընդդիմության ձեռագիրն է։ Փորձը ցույց է տալիս, որ բոլոր քաղաքական կարեւոր գործընթացներից ընդդիմադիրները խուսափում են։ Սա վիրավորական, արհամարհական վերաբերմունք է ժողովրդի եւ ժողովրդի վստահած քվեի հանդեպ։ Սա այդ մանդատի մսխում է։ Վստահ եմ, որ քաղաքացիները համապատասխան վերաբերմունք ցույց կտան սույն քաղաքական ուժերին։ Վստահ եմ, որ նույն միասնականությամբ այդ ուժերը կլքեն քաղաքական դաշտը»։

 

Ռուբեն Ռուբինյան, ԱԺ փոխնախագահ․ «Իրականում ընդդիմության ոչ բոլոր ներկայացուցիչներն են լքել նիստը (նկատի ունի Իշխան Զաքարյանին, որն այլեւս անկախ պատգամավոր է.-հեղ․)․․․կարծում եմ՝ ընդդիմության իրական պատճառն այն չէ, ինչ իրենք նշում են։ Հիշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեկը թավշյա հեղափոխությունը հաճախ անվանում է իշխանազավթում։ Ինձ համար դա տարօրինակ է, որովհետեւ այդ անձի վերեւում նստած է «իշխանազավթումից» հետո ԱԱԾ տնօրեն նշանակված անձը։ Կամ, նրա կուսակցության ղեկավարի ցուցմամբ 2018թ․ մայիսի իննին ՀՀԿ-ի ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ։ Հարց՝ ՀՀԿ-ն զավթե՞լ է իշխանությունը։ Ավելին՝ Սերժ Սարգսյանն ասում էր, որ իշխանափոխությունն արտաքին դավադրությամբ է եղել։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն մասնակցել են արտաքին դավադիր միջամտությամբ իշխանազավթմա՞ն․․․տրամաբանական չէ։

Տրամաբանական չէ նաեւ «Հայաստան» դաշինքի պահվածքը։ Եթե ասում են, որ նախկինների ժամանակ ամեն ինչ լավ էր, 2018թ․-ին ՀՅԴ-ն ինչո՞ւ լքեց իր կոալիցիոն գործընկերոջը, հետո մի քանի օր անց միասին քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին։

Ո՞րն է իմաստը դահլիճում այս դատարկության։ Իմ կարծիքով՝ մեր ընդդիմադիրները չէին կարող գտնել նախագահի այլընտրանքային թեկնածու, որովհետեւ ոչ մի մարդ չէր համաձայնի լինել իրենց թեկնածուն, եւ որովհետեւ անգամ իրենց միջից չէին կարող ընտրել թեկնածու, որովհետեւ «Հայաստան» դաշինք գոյություն չունի։ Խմբակցությունում կան մարդիկ, որոնք կհամաձայնեն աշխարհը շուռ գա, քան թե իրենց մեջից որեւէ մեկը լինի թեկնածու։ «Պատիվ ունեմ» խմբակցություն նույնպես չկա։ Սա է միակ պատճառը, որ ընդդիմադիրներն այստեղ չեն։ Դա մեզ չի խանգարում։ Նիստն ավելի հաճելի է անցնում, բաց ես կոչ եմ անում նրանց չզբաղվել իմիտացիայով»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031