«Այս գործընթացը սկսել էր այնպիսի խախտումներով, սահմանադրության տառին եւ ոգուն այնպիսի հակասություններով, որ որեւէ ձեւով մասնակցությունը կլիներ անտրամաբանական, էլ չասենք իրավական որեւէ առնչություն այդ ամենին ունենալը կլիներ անիմաստ»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ նախագահի ընտրության մասին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկի մասին, որ հեղինակություն վայելող սրբազանի կարող էին առաջադրել թեկնածու՝ Վարդեւանյանն ասաց, որ այստեղ որեւէ օրինախախտում չէր լինի, որովհետեւ ցանկացած սրբազան կարող է եւ ընտրել, եւ ընտրվել, բայց կարեւոր է, որ նա լիներ միասնական թեկնածու. «Դուք տեսնո՞ւմ եք իշխանությունների գործունեությունը: Մենք ունենք հանրային հեղինակություն վայելող բազմաթիվ անձինք: Բայց Սահմանադրությունը հստակ նախատեսում է, թե ՀՀ նախագահն իր լիազորությունները ինչպես պետք է կարողանա իրացնել: Ինքնին հեղինակություն վայելելը շատ կարեւոր, բայց ոչ բավարար պայման է: Շատ կարեւոր է, որ նա ունենա այնպիսի անկախության աստիճան, որ առաջնորդվի համազգային, համապետական շահերով: Իսկ իշխանությունների թեկնածուն կառավարության, թիմի անդամ է»:
Նա ասաց, որ չի եղել դեպք, երբ Վահագն Խաչատուրյանը հակադրվեր այս թիմին, հետեւաբար անկախ չէ. «Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ