Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի փաստաբանների միության անդամը նշում է՝ ես չեմ խղճում հայ երեխայի, լավագույն հայը՝ մեռած հայն է». Քրիստինե Գրիգորյանը՝ Ադրբեջանում հայատյացության մասին

Մարտ 02,2022 13:38

«Ադրբեջանական պետության կողմից հայատյացությունը սիստեմիկ պետական քաղաքականություն է, որ եղել է եւ խորհրդային տարիներին եւ շարունակվում էր նաեւ այդ պետության անկախացումից հետո: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն ուղեկցվել է հսկայածավալ ատելության եւ թշնամանքի քարոզով, որը խրախուսվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Արմենոֆոբիան իր գործնական արտահայտությունն է գտնում Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում. նա հնչեցնում է սպառնալիքներ, վիրավորանք եւ թշնամական բնույթի արտահայտություններ է անում հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի բնակչության նկատմամբ, ընդ որում, նրա ելույթներն այնպիսինն են, որ ակնհայտորեն հասնում են անգամ ֆաշիզմի դրսեւորումների: Ադրբեջանի իշխանությունների համար, ցավալիորեն, հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է, այդ քաղաքականությունը սնուցելու աղբյուր»,- այս կարծիքին է ՀՀ նորանշանակ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

Նա հատկանշական է համարում, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում, հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս եւ այլ վայրագություններ կատարելիս, Ադրբեջանի ԶՈՒ ծառայողները օգտագործում էին այն նույն արտահայտությունները, որոնք օգտագործում էր եւ օգտագործում է Ադրբեջանի նախագահը:

Այսօր, «Հայատյացությունն Ադրբեջանում եւ էթնիկ զտումների վտանգ Արցախում» թեմայով քննարկման ժամանակ, Քրիստինե Գրիգորյանը նկատեց, որ թե 44-օրյա պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո, պետության կողմից հովանավորվող հայատյացության քարոզն Ադրբեջանում ստացել է իր ամենածայրահեղ դրսեւորումները: Նրա դիտարկմամբ, այդ քարոզը երկու հիմք ունի՝ էթնիկ եւ կրոնական: Իր հայտարարություններն ու հետեւությունները Քրիստինե Գրիգորյանն արել է այն հսկայածավալ աշխատանքի վրա հիմնվելով, որը կատարել են ՀՀ եւ ԱՀ ՄԻՊ գրասենյակները եւ որոնք ամբողջովին փաստագրված են եւ հիմնավորված:

Ադրբեջանում հայատյացության փակ շղթան, ըստ բանախոսի, գեներացվում է իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կողմից, ապա տարածվում հայտնի եւ մշակութային գործիչների միջոցով եւ, որ ցավալի է, խրախուսվում է հանրային շրջանակներում: Օրինակներն, ըստ նրա, երբեմն, անպատմելի են. «Ադրբեջանի տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը թողարկել է «Ադրբեջան 2020» փոստային նամականիշներ, որոնցից մեկն արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ է: Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը, գործիքով, քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով, որպես կեղտ»:

Պետական մակարդակով հայատյացության քարոզ, ՀՀ նորընտիր ՄԻՊ-ը համարում է 2020-ի պատերազմից հետո Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը, այնտեղ հայկական զինտեխնիկայի հետ մեկտեղ ներկայացվող հայ զինծառայողների կերպարները՝ նվաստացուցիչ վիճակում, այդ պուրակի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահի ելույթը, հային սպանելու համար Ադրբեջանի ղեկավարության կողմից տրամադրվող բարձր պարգեւները եւ այլն:

ՀՀ ՄԻՊ-ի արձանագրմամբ, հայատյացության եւ թշնամանքի քաղաքականությունը դրված է նաեւ Ադրբեջանի կրթական համակարգի հիմքում:

Երրորդ ուղղությունը, որը բանախոսն ամենավտանգավորն է համարում, ադրբեջանական եւ թուրքական սոցիալական հարթակներում ևս հայատյացության եւ ատելության քարոզ է ընթանում. «Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են եղել նաեւ հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու եւ այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով ու ատելությամբ: Օրինակ, հայ երեխաների անուններով, անգամ հարցումներ են կազմակերպվել՝ արդյոք կսպանեի՞ն հայ երեխային: Իրական օգտատերերի հրապարակումներից մի քանիսն անգամ սահմռկեցուցիչ են՝ պետք է սպանել հայերին, եւ հայ կանանց եւ հայ երեխաներին: Օրինակ, Ադրբեջանի փաստաբանների միության անդամը նշում է՝ ես չեմ խղճում հայ երեխայի, լավագույն հայը՝ մեռած հայն է»:

Այս քաղաքականության դրսեւորումներից ՄԻՊ-ը համարում է վերջերս Ասկերանի գյուղերից մեկի հայ բնակչությանն ահաբեկելը:

Ըստ ՄԻՊ-ի, Միջազգային դատարանի կողմից կիրառված հատուկ միջոցի խախտման մասին է վկայում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը, որի առաջադրանքը հայկական մշակութային ժառանգության կեղծումն ու ոչնչացումն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031