«Ընդդիմությանը հնարավո՞ր է բերել կառուցողական դաշտ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտեց նախագահի ընտրության հարցը՝ համարելով, որ Խաչատրյանը միայն ՔՊ-ի նախագահն է լինելու։
«Գուցե իրենք համարել են, որ այս պահին այդպիսի քաղաքական դիրքորոշում պետք է ընդունեն։ Դա ոչ թե պետք է ընդունել որպես արտառոց բան, այլ որպես քաղաքական գործունեության ձեւ, միջոց։ Լինում է, որ առանձին օրենքների հետ կապված են նման քայլեր արվում, բայց, առհասարակ, մարդկանց որոշակի խավ ձայն է տվել նաեւ ընդդիմությանը։ Համոզված եմ, որ ընդդիմությունն այդ պատասխանատվությունը գիտակցում է։ Որպեսզի իրագործի այդ պատասխանատվությունը, կարիք կա համագործակցելու։ Ընդդիմությունը միայն նրա համար չէ, որ լինի ընդդիմություն եւ իշխանության հետ հարցեր չլուծի՝ առավել եւս, երբ համընդհանուր հարցեր կան։ Երկրի անվտանգային խնդիրները բոլորս միասին պետք է լուծենք»,-հարցին այսպես պատասխանեց Վահագն Խաչատրյանը։
ՔՊ-ական Արփի Դավոյանը եւս հարց հղեց ընդդիմության պահվածքի մասին․ «Դահլիճում չեն։ Կարծում եմ՝ մենք այսօր իշխող ուժի նախագահ չենք ընտրում, այլ ՀՀ նախագահ ենք ընտրում։ Ընդդիմության այս վարքագիծը բացատրություն կամ փաստարկ չունի։ Ձեր կարծիքը»։
Կարդացեք նաև
Վահագն Խաչատրյանը պատասխանեց․ «Բոլոր դեպքերում, ես իրենց պահվածքն էլ եմ գնահատում՝ քաղաքական դիրքորոշում է։ Մնացած մանրամասները կփորձեմ հասկանալ, եթե իրենց հետ առիթ լինի հանդիպելու։ Ընդդիմությունն այսպես գուցե ուզում է ցույց տալ, որ խորհրդարանական մեծամասնության քաղաքական գործունեությունը լեգիտիմ չէ։ Այդպես չի, ես այդպես չեմ կարծում։ Ի վերջո, ԱԺ-ին ընտրել է ժողովուրդը, կա ընտրված իշխանություն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ