«Ի՞նչ եք կարծում՝ նախագահի լիազորություններն իսկապե՞ս քչություն են անում եւ թույլ չեն տալիս, որ նախագահն արդյունավետ գործի»,- ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Շատ կարեւոր հարց եք տալիս»,-նախ նշեց Խաչատրյանը եւ շարունակեց,-«որեւէ նշանակություն չունեն լիազորությունները, եթե մարդն ուզում է աշխատել։ Սահմանադրությամբ կան լիարժեք լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս ՀՀ նախագահի ինստիտուտի կայացման համար՝ սահմանադրությամբ տրվածի շրջանակում»։
Խաչատրյանի խոսքով՝ այստեղ ուրիշ խնդիր կա․ «Պետք է կարողանալ գնահատել, որ մենք ապրում ենք ՀՀ-ում, որի կառավարման համակարգը խորհրդարանական է, եւ խորհրդարանի դերը գերակայում է՝ պետական կառավարման որոշումների ընդունման գործում։ Սա չի նշանակում, որ ՀՀ նախագահն անելիք չունի այստեղ։ Ես պատկերացնում եմ դա․ ոչ մի սահմանափակում չկա, որ նախագահը հետեւի օրենսդրական գործունեությանը։ Ի վերջո, ինքն է օրենքները հաստատում»։
Թեկնածուն շեշտեց՝ նախագահը պարտավոր է խոսել քաղաքական ուժերի հետ, առավել եւս՝ այսօրվա դժվարին պայմաններում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու ժամանակ խոսել էր սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված ոչ լիարժեք գործիքակազմի եւ լիազորությունների մասին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ