«Չի կարող իշխանության թեւերի մեջ լինել մի իրավիճակ, որը կխանգարի պետության զարգացմանը։ Երբ վարչապետը ասաց, որ պետք է ներդաշնակություն ապահովել, դա քաղաքական շահարկումների առիթ տվեց։ Իրականում պետք է լինի ներդաշնակություն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ասաց ՔՊ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությանը․ «Պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության ու խորհրդարանական մեծամասնության միջեւ լինի քաղաքական ներդաշնակություն, առավել եւս հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ»։
Խաչատրյանը հավելեց․ «Բայց այդ ներդաշնակությանը ես իմ մեկնաբանությունն եմ տվել։ Դա չի նշանակում, որ ինչ-որ բան ասելու ենք, իրար հետ համաձայնենք եւ վերջ։ Համոզված եմ, որ երբ այս դահլիճներում օրենքներ են քննարկվում, դրանք չեն ընդունվում բոլորի կողմից միաժամանակ համաձայնությամբ։ Անգամ վեճեր են լինում։ Համենայն դեպս, կառավարությունում նման մթնոլորտ է։ Նախագահը պետք է ներդաշնակ աշխատի պետության, իշխանության բոլոր թեւերի հետ, նաեւ՝ ոչ իշխանական թեւերի հետ՝ հ/կ-ներ, սփյուռք, կուսակցություններ։ Տարանջատում չի կարող լինել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ