«Ուղիղ հարց եմ ուզում տալ, որի շուրջ կարծես կեղծ օրակարգ է գեներացվել։ Դուք ի վերջո պատրաստվում եք լինել միայն մե՞ր նախագահը, թե ՀՀ բոլոր քաղաքացիների»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Համոզված եմ՝ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը։ Համոզված եղեք դրանում։ Սահմանադրությամբ ես պարտավոր եմ լինել բոլոր քաղաքացիների եւ մի բան էլ ավել նախագահը։ Այսինքն, համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է նաեւ ՀՀ նախագահը։ Պատրաստվում եմ հանդես գալ այդ դերում»,-պատասխանեց Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իր համար որեւէ խոչընդոտ չկա այդ դերում հանդես գալու․ «Ավելին՝ միգուցե իմ թեկնածությունը դուք ընտրել եք՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, այսինքն՝ իմ մեջ տեսել եք այդ մարդուն։ Այսօր ծանր, մասնատված սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հանրության համար կարեւոր է, որ նախագահի համախմբող ինստիտուտն աշխատի։ Մեկ ուրիշ խնդիր կա՝ այդ ինստիտուտը մենակ չի կարող լուծել խնդիրներ, եթե չկա ԱԺ-ի, կառավարության, հանրության, հ/կ-ների հետ համագործակցություն։ Այստեղ «իմ ու քո» չկա։ Սրանք խոսքեր չեն։ Հավատում եմ, որ միայն այդ ճանապարհով կարող ենք աշխատել»։
Վահագն Խաչատրյանը հավելեց․ «90-ականների իմ կենսագրության մեջ նշվել է քաղաքային խորհրդում ունեցած աշխատանքը։ Քանի որ մեկնաբանություններ եղան այդ ժամանակի հետ կապված, ասեմ, որ ես ընտրվել եմ այդ ժամանակ ընդդիմության կողմից։ «Հայոց համազգային շարժումը» քաղաքային խորհրդում պառակտվեց, եւ այնպես ստացվեց, որ իշխանությունը թեկնածու ուներ, բայց ամբողջապես չէր պայքարում ընդդիմության դեմ։ Դա համախմբության ձեւ էր, որով ես ընտրվեցի։ Քաղաքային խորհուրդը բազմակուսակցական էր, ինչը հնարավորություն տվեց միասնական աշխատել։ Իշխանության հետ կարողացել ենք միասնական լինելով՝ դուրս գալ ծանր վիճակից։ Գիտեք, թե Երեւանն այդ ժամանակ ինչքան խնդիրներ ուներ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ