Վերջին տարիներին տարածաշրջանում բռնկված հակամարտությունները վեր հանեցին հայ ժողովրդի, հատկապես հայկական սփյուռքի անվտանգության բազմաթիվ հարցեր: Այն առավել սուր է դրվում հետխորհրդային տարածքներում արձանագրվող հակամարտությունների եւ ներքին անկայուն իրավիճակների ժամանակ: Նման զարգացումների ընթացքում մեծանում են ռիսկերը, երբ հակամարտող երկրների հայկական համայնքներին մղում են բախումների «առաջնագիծ»՝ որպես կանոն ոչ այնքան բուն ռազմական գործողությունների, որքան առաջին հերթին տեղեկատվական-քարոզչական պատերազմի առումով: Այն դեպքում, երբ Արցախում հակամարտությունը թեժ փուլից տեղափոխվել է դիվանագիտական եւ քարոզչական դաշտ, վերոշարադրյալ միտումները լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ու սփյուռքի անվտանգության համար:
Օրերս ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսեցին շրջանառել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ կապ չունեցող ՀՀ քաղաքացու լուսանկարներ՝ փորձելով ներկայացնել, թե իբր Հայաստանի ԶՈւ զինվորական գրքույկով քաղաքացին կռվում է ռուսական զինված ուժերի դեմ, սակայն իրականում նա Ուկրաինայի շատ քաղաքացիների նման զբաղվել է սննդամթերքի գողությամբ: Ադրբեջանական հատուկ ծառայություններն այսօր «պեղում» են ուկրաինական ու հայկական դրոշների համատեղ լուսանկարներ եւ դրանք ակտիվորեն շրջանառում սոցիալական ցանցերում ու էլեկտրոնային տեղեկատվական հարթակներում: Նման ապատեղեկատվությունը հենց էլեկտրոնային հարթակներում է տարածվում, քանի որ դրանք կայծակնային ազդեցություն են ունենում հասարակական կարծիքի վրա, եւ հերքումները սովորաբար առաջնային ազդեցություն չեն թողնում:
Այն դեպքում, երբ Ռուսաստանը ստանձնել է Արցախում հրադադարի պահպանման եւ, ընդհանրապես, հիմնահարցի կարգավորման հիմնական դերակատարություն, ուկրաինական հակամարտության ընթացքում նման քարոզչական քայլերը շատ զգայուն թեմաներ են, եւ պետք է հնարավորինս պաշտպանվել ապատեղեկատվական թակարդներից՝ աշխատելով դրա համար որեւէ առիթ չտալ: Փոխարենը բազմաթիվ են դեպքերը, երբ ադրբեջանցիները կռվում են Ուկրաինայի զինված ուժերի կազմում, նույնիսկ արդեն խոցվել են այս երկրում հայտնված ադրբեջանական ռազմական ինքնաթիռները:
Նման իրավիճակներում հնարավոր ռիսկերը նվազեցնելը մեր երկրի համար թիվ մեկ խնդիր է դառնում: Այդ նպատակով առաջնայնորեն պետք է նվազագույնի հասցվի ծայրահեղ բեւեռացված կարծիքների շրջանառությունը սոցիալական ցանցերում, ինչը կարող է վնաս հասցնել արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացին:
Կարդացեք նաև
Այլ կերպ ասած՝ տարբեր կենտրոնների քարոզչական պատերազմի գործիքի չվերածվելու համար հայկական սփյուռքը պետք է հանդես գա հայկական շահի դիրքերից, ինչը չի կարող երկուսը լինել:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: