ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանրությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սխալվել էր իր հաշվարկներում, թե ինչպես Արևմուտքը կարձագանքի Ուկրաինա ներխուժմանը:
Իր ելույթում Բայդենը հավաստիացրել է ամերիկացիներին, որ իր վճռականությունն անսասան է այն հարցում, որ ազատությունը միշտ գերակա է բռնապետության նկատմամբ:
«Վեց օր առաջ Պուտինը փորձեց խարխլել ազատ աշխարհի հիմքերը՝ կարծելով, որ կստիպի խոնարհվել իր սպառնալիքի առաջ: Բայց նա սխալ էր հաշվարկել… Նա գաղափար չունի՝ ինչ է իրեն սպասվում»,- ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ Պուտինի պատերազմը կանխամտածված էր, քանի որ նա մերժել է բոլոր դիվանագիտական ջանքերը: .«Նա կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն պատասխանի: Եվ նա կարծում էր, որ հնարավոր կլինի մեզ պառակտել… Պուտինը սխալվում էր: Մենք պատրաստ էինք դրան»,- ասել է Բայդենը:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել «ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմ», բայց Ուկրաինայում կռվել չեն պատրաստվում:
«Թույլ տվեք հստակ ասել. մեր ուժերը չեն ներգրավվի Ուկրաինայում ռուս զինվորականների հետ հակամարտության մեջ,- ասել է Բայդենը: – Մեր զինվորականները չեն գնա Եվրոպա Ուկրաինայի համար կռվելու, բայց նրանք կպաշտպանեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»:
Նա, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ-ը մոբիլիզացնում է ցամաքային, օդային և ծովային ուժերը՝ պաշտպանելու դաշնակիցներին, այդ թվում՝ Լեհաստանին, Ռումինիային, Լատվիային, Լիտվային և Էստոնիային:
Բայդենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է փակել օդային տարածությունը ռուսական օդանավերի համար՝ Կանադայի և եվրոպական երկրների նույնանման քայլից հետո:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ