Հարցազրույց «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ
– Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս կոչ արեց դադարեցնել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեությունը՝ հիմնավորելով, որ հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլեւ, ընդհակառակը՝ ավելի է սրում այն, խորացնում անջրպետը, ծառայեցնելով իրավիճակը բացառապես մեր հակառակորդների շահերին։ Ինչպե՞ս կարող է օրվա իշխանությունը, որը պատերազմի թիվ մեկ պատասխանատուն եւ մեղավորն է, քննել ինքն իրեն:
– Հանրային հնչեղություն ունեցող ցանկացած հարցի վերաբերյալ Ազգային ժողովն ունի լիազորություն՝ հանձնաժողով ձեւավորել եւ քննել, հանձնաժողովների կազմում էլ լինում են ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորներ, որոնց շնորհիվ հարցը լուսաբանվում, պարզաբանվում ու ներկայացվում է հանրությանը՝ ինչ է եղել, ինչպես է եղել եւ այլն: Հիմա մեր իրականությունում ամենասարսափելի բանը 44-օրյա պատերազմն էր, եւ չօգտվել այս լիազորությունից, որը տրված է Սահմանադրությամբ, ուղղակի անլուրջ եմ համարում: Ամեն հայի առնչվող այս խնդրով ինչպե՞ս կարող էր ԱԺ-ն չարձագանքել եւ քննիչ հանձնաժողով չձեւավորել: Ես համաձայն չեմ, թե այդ հանձնաժողովի գործունեությունը սրում է իրավիճակը, հակասություններ, պառակտում առաջացնում հանրության մեջ, հակառակը՝ այն շատ ավելի հաշտեցնելու է եւ շատ հարցերի պատասխան է տալու: Ամենամեծ պառակտում առաջացնող խնդիրն անորոշությունն է, իսկ այդ հանձնաժողովում ամեն բան պարզվելու է:
– Ո՞նց է հաշտեցնելու, եթե մինչեւ այդ հանձնաժողովի ձեւավորվելը դուք՝ իշխանականներդ, պատերազմի ողջ պատասխանատվությունը բարդում էիք նախկինների վրա:
Կարդացեք նաև
– Դա չի ստեղծվել ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների համար, այդ հանձնաժողովի աշխատանքները՝ որպես փաստավավերագրություն, տասնամյակներ մնալու են մեր արխիվներում, որպես մեր ամենամեծ ճակատամարտերից մեկի փաստագրումն է լինելու, եւ դրանից օգտվելու են մեր հաջորդ իշխանությունները, բոլոր ուժերը, եւ բանակի ձեւավորման համար էլ սա լուրջ դասեր է լինելու, որոնք պետք է հաշվի առնել:
– Մոտ երկու տարի էլ ապրիլյանի դեպքերը քննեցիք եւ բացի հարցը շահարկելուց, ի՞նչ տվեցիք հանրությանը:
– Ապրիլյանի եզրակացությունը եղավ այն ժամանակ, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Հանրությանն այլեւս հետաքրքիր չէր ապրիլյանը, քանի որ ներկա ժամանակով արդեն պատերազմ էր ընթանում՝ ավելի սարսափելի մասշտաբների: Բայց ուզում եմ ընդգծել, որ 44-օրյա պատերազմի հանձնաժողովն անդրադառնալու է նաեւ ապրիլյանի դեպքերին, ապրիլյանի ընթացքում հայտնաբերված խնդիրներին, թե արդյոք դրանք վերացվե՞լ էին, թե՞ ոչ:
– Ի՞նչն եք քննելու, եթե, կրկնում եմ, ձեզ՝ իշխանություններիդ, ամեն ինչ պարզ է, հանձնաժողովի ղեկավարը քանիցս հայտարարել է, թե նախկիններն էին մեղավոր, որ թալանել են, զենք չեն գնել եւ այլն:
– ՀՀ բանակի կազմավորման օրվանից այդ կազմավորման գործընթացին մասնակցել են հարյուրավոր, հազարավոր պաշտոնյաներ, զինվորականներ: Նախկին ասելով՝ մենք կարող ենք հղում անել միայն նախկին ժամանակահատվածին, ներկայում բանակը չի ստեղծվում: Մենք բոլորի գործունեությանը պիտի անդրադառնանք:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: