Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ հրաժարվել է դատապարտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժումն Ուկրաինա, հաղորդում է New York Times-ը:
Թերթը գրում է, որ Գերգիևը վերջին օրերին զայրույթի և դատապարտումների սուբյեկտ էր դարձել Պուտինին աջակցելու համար, որին նա ճանաչում է շուրջ երեք տասնամյակ: Գերգիևի պայմանագիրը խզվել է ժամկետից երեք տարի շուտ:
Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռեյթերն ասել է, որ Գերգիևը, որը գլխավոր դիրիժորի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թ-ից, չի արձագանքել իր՝ պահանջին մինչև երկուշաբթի դատապարտել Պուտինի «դաժան պատերազմը»:
«Ես ակնկալում էի, որ նա կվերանայի և կփոխի իր շատ դրական գնահատականը Ռուսաստանի ղեկավարի վերաբերյալ, – ասվում է պարոն Ռեյթերի հայտարարության մեջ:- Բայց նա դա չարեց»:
Կարդացեք նաև
Գերգիևը նաև ազատվել է Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատվավոր դիրիժորի պաշտոնից։
Նվագախմբի ղեկավարները, որոնք նույնպես խնդրել էին Գերգիևին դատապարտել Պուտինին, իրենց հայտարարության մեջ նշել են, որ խոսել են պարոն Գերգիևի հետ, բայց չեն կարողացել լուծել «անհաղթահարելի» պառակտումը: Նվագախումբը հայտարարել է, որ չեղարկում է իր «Գերգիևի փառատոնը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ