ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որը ժամանակին եղել է Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ լավ ճանաչում է այդ երկիրը, «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությունում Լեհաստանի ակտիվ դիրքորոշումը դեպի Ուկրաինա, ասաց. «Լեհաստանում հակառուսականության հարցում եւ Ուկրաինայում այս իրադարձությունների հետ կապված մոտեցումը, կարծես, համընդհանուր է: Լինեն իշխանական քաղաքական ուժեր, թե հասարակական այլ շերտեր, բոլորը միակարծիք են, որ պետք է Ռուսաստանին կանգնեցնել: Եվ հիմնական ձեւակերպումն այն է, որ եթե Ռուսաստանին հաջողվի զավթել Ուկրաինան, ապա հաջորդը կլինեն մերձբալթյան հանրապետությունները, որից հետո՝ Լեհաստանը: Ես, իհարկե, չգիտեմ, թե որքանով են լուրջ այդ կանխատեսումները, սպասումները, որովհետեւ Ուկրաինայի կարգավիճակը էապես տարբերվում է այդ երկրների կարգավիճակից: Բացի այդ, իրենք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, եւ ես չեմ կարծում, թե Ռուսաստանը երբեւէ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի նկատմամբ ոտնձգություն կիրականացնի եւ չեմ կարծում, որ նման ծրագրեր կան:
Մյուս կողմից, լեհ հասարակության մեջ կան մարդկանց շերտեր, որոնք շատ լավ են հիշում եւ ուզում են թարմացնել լեհ հասարակության հիշողության մեջ հատկապես Վոլինում լեհերի մասսայական բնաջնջումը, որը Լեհաստանի սեյմը ճանաչել է որպես ցեղասպանություն: Դրան, ի դեպ, զոհ են գնացել Ռեչ Պոսպոլիտային նվիրված հայեր եւ հրեաներ: Դա եւ այդ վտանգները կան լեհական հիշողության մեջ:
Այսինքն, նրանք ըստ էության ոչ այնքան բարեկամաբար են տրամադրված Ուկրաինայի նկատմամբ, այլ ուղղակի անհանգստացած են Ռուսաստանի հետագա զարգացումներով: Եվ դրա համար ներկա պահին ամբողջական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային:
Ուկրաինային սահմանակից երկիր լինելով՝ Լեհաստանում սոցիալական լուրջ խնդիրներ են հասունանալու, որովհետեւ փախստականները արդեն միլիոններով գալիս են Լեհաստան: Իսկ դրանից առաջ էլ արդեն կային օրինական ապրող մոտ երկու միլիոն ուկրաինացիներ, որոնք աշխատում են, սովորում համալսարաններում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ