Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինից հրահանգ չկա

Մարտ 02,2022 09:30

Այս անգամ էլ կհաղթի՞ ռուսական «լոլիկային քաղաքականությունը» Թուրքիայի նկատմամբ, տարակուսում են ռուսաստանցի մեկնաբանները

Ամերիկացի վերլուծաբան, պաշտպանության եւ հանրային դիվանագիտության գծով ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ եւ օգնական Մայքլ Դորանը օրերս կարծիք է հայտնել, թե՝ «Թուրքիան Ուկրաինայի համար արել է ավելին, քան ցանկացած այլ երկիր, ընդ որում՝ մեծ վտանգի տակ դնելով իր երկիրը: Թուրքիան գազ է ներկրում Ռուսաստանից, եւ նրանց տնտեսությունը կապված է բազմաթիվ այլ ուղղություններով: Թուրքիայի տնտեսական թուլության պահին, սակայն, Էրդողանը TB2 ուղարկեց», (TB2-ը՝ թուրքական արտադրության հարվածային տակտիկական միջին բարձրության, անօդաչու թռչող սարքն է՝ «Բայրաքթարը»)։

Թուրքիան շարունակում է ակտիվություն ցուցաբերել ռուս-ուկրաինական ահագնացած պատերազմում՝ չշեղվելով իր գծից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցով ռազմանավերի անցուդարձը սահմանափակելու հարցում Թուրքիայի լիազորությունների կիրառման իրենց վճռականության մասին: Փետրվարի 28-ին նա նշել է. «Մենք վճռական ենք Մոնտրյոյի կոնվենցիայով նեղուցներով նավերի անցուդարձի հարցում մեզ տրված լիազորությունները կիրառել այնպես, որ կանխենք ճգնաժամի ավելի խորացումը»: Նա նաեւ հայտնել է, որ շարունակում են դիվանագիտական շփումները ռուս-ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության հասնելու համար՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա եւ որ Թուրքիան բարձր է գնահատում Ուկրաինայի կառավարության եւ ժողովրդի պայքարը:

Նույն օրը ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն էլ նշել է, որ Թուրքիան զգուշացրել է ափամերձ եւ ոչ ափամերձ բոլոր երկրներին Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցնելու անթույլատրելիության մասին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողության սկզբից նեղուցներով ռազմական նավերի անցնելու հայտեր չեն եղել։ Դիվանագետն ընդգծել է, որ Անկարան կշարունակի խստորեն հետեւել Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթներին. «Մինչ այսօր ռուսները հարցնում էին, թե անհրաժեշտության դեպքում կիրականացնե՞նք մենք Մոնտրյոն։ Մենք նրանց ասում էինք, որ խստորեն հետեւելու ենք պայմանավորվածությանը»։

Թուրքիայի պահվածքը ողջունել է Վաշինգտոնը: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները կատարելու համար։ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում Բլինքենը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների շարունակական կատարման եւ այդ հարցի վերաբերյալ Չավուշօղլուի վերջին մեկնաբանությունների համար: Պետքարտուղարը Թուրքիային շնորհակալություն է հայտնել նաեւ Ուկրաինային, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում ցուցաբերած վճռական աջակցության համար։

Այսօր արդեն հայտնի է, որ Թուրքիան փետրվարի 27-28-ին 3 ռուսական ռազմանավերի արգելել է հատել նեղուցները։ Իսկ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հպարտացել է թուրքական ԱԹՍ–ների հաջողությամբ՝ փաստելով, որ «Բայրաքթարները» Ուկրաինայում եղանակ են փոխում։ «Այսօր մեր ԱԹՍ–ները աշխարհում ուժային հավասակշռություններն են փոխում»,–ասել է նա։

Անկարան այս օրերին ակտիվացրել է շփումները Բելառուսի հետ: Բելառուսի եւ Թուրքիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Կողմերը քննարկել են ռուսական ռազմական միջամտությունը, այդ թվում՝ փետրվարի 28-ին Բելառուսում մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցությունները։ Էրդողանը վստահեցրել է, թե պատրաստ են «ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը», Լուկաշենկոն իր հերթին նշել է, որ այդ դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է Մինսկի հետ։

Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ: Նրանք քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Աքարը նշել է, որ Թուրքիան շարունակում է հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային` միեւնույն ժամանակ չդադարեցնելով աշխատել տարածաշրջանի խաղաղության ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պաշտոնական մակարդակով Թուրքիայի դիրքորոշման հետ կապված հայտարարություններ առայժմ չեն արվել: Ռուսաստանցի փորձագետների, ռազմական լրագրողների մակարդակով պաշտոնական Անկարայի դիրքորոշումը քննարկվում է տելեգրամյան ալիքներում, որտեղ երբեմն կարելի է հանդիպել տարակուսանք արտահայտող մեկնաբանություններ՝ «այս անգամ էլ կհաղթի՞ ռուսական «լոլիկային քաղաքականությունը»՝ Թուրքիայի նկատմամբ…»:

Հետաքրքիրն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմի այս թոհուբոհում պաշտոնական Մոսկվան, օրինակ, հասցնում է արեւմտյան երկրների դեսպաններին բողոքներ հղել՝ կապված այդ երկրներում ՌԴ դեսպանատան առջեւ անցկացված ցույցերի առիթով: Մոսկվան վերջին օրերին ՌԴ ԱԳՆ է հրավիրել ԱՄՆ-ի, Կանադայի դեսպաններին, որոնց էլ դժգոհություններ են հայտնել այդ երկրներում ՌԴ դեսպանատան առջեւ անցկացված բողոքի ցույցերի համար: Ավելին, փետրվարի 28-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե՝ «ԵՄ կառույցները, որոնք ներգրավված են Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարման մեջ, պատասխանատվություն են կրելու դրա հետեւանքների համար»:

Պաշտոնական Մոսկվան տարիներ շարունակ դժգոհում է՝ «Արեւմուտքի երկակի ստանդարտների» կիրառումից, բայց ամենաթարմ մի քանի օրինակով, կարելի է արձանագրել, որ Կրեմլի քաղաքականությունն է հենց այդպիսին: Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Բաքվում հակապուտինյան բազմամարդ հանրահավաք անցկացվեց վիրավորական պաստառներով՝ Պուտինի հասցեին: Իսկ Էրդողանի փեսայի հիմնած թուրքական մահաբեր «Բայրաքթարներն» այս օրերին թափվում են ՌԴ ԶՈՒ-ի վրա: Սակայն «խորիմաստ» լռություն է Կրեմլում. Պուտինից առայժմ հրահանգ չի իջել, ռուսաստանցի «կարկառուն» փորձագետներն ու մեկնաբանները դեռեւս չգիտեն՝ Էրդողանի ու Ալիեւի քաղաքականության վերաբերյալ դժգոհե՞ն, անթույլատրելի համարե՞ն, թե՞ շարունակեն աչք փակել…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 01.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031