Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ նպատակներն իրագործելի՞ են

Մարտ 02,2022 10:00

Ռուսաստանի նպատակներն այս պատերազմում հստակորեն շարադրված են Պուտինի ստորադասների ելույթներում եւ ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցների հրապարակումներում: Չնայած դրա մասին արդեն հնչել են բազմաթիվ հայտարարություններ, առավել ամփոփ, կարծում եմ, այդ նպատակները ներկայացված են «Ռեգնումի» հրապարակումներից մեկում: Վերաշարադրում եմ այդ հրապարակման հիմնական թեզերը, որոնք, բնականաբար, բխում են ՌԴ նախագահի ելույթից:

1/ Լիակատար ռազմական վերահսկողություն Ուկրաինայի հանդեպ:

2/ «Դեմիլիտարիզացիա»՝ Ուկրաինան չպիտի ունենա զինված ուժեր եւ ռազմարդյունաբերություն:

3/ «Դենացիֆիկացիա»՝ ներկա իշխանության տապալում, խստագույն պատիժ բոլորին, ովքեր «ռուս ժողովրդի հանդեպ հանցագործություններ են կատարել»: «Բենդերական» ավազակախմբերի անդամների ձերբակալություն, «բենդերական» գաղափարախոսության արգելում գիտության եւ կրթության ոլորտում:

4/ Ռուսների ազգային ինքնորոշման իրավունքի իրագործում, որի արդյունքում Ուկրաինայից կանջատվեն ոչ միայն Դոնեցկի ու Լուգանսկի, այլեւ Խարկովի եւ Օդեսայի մարզերը:

Այս վերաշարադրանքում ես մի քանի բառ եւ արտահայտություն վերցրել եմ չակերտների մեջ: Օրինակ, գերմանական իրականության հետպատերազմյան (1950-ական թվականների) բառապաշարից վերցրած «դենացիֆիկացիա» բառը ենթադրում է, որ Ուկրաինայում այժմ նացիստական ռեժիմ է: Ինձ թվում է՝ սա մերկապարանոց պնդում է, որը հիշեցնում է Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե իբր 2020 թվականին նա կարողացել է հաղթել «հայկական ֆաշիզմը»:

Նույն՝ 20-րդ դարի կեսերի խորհրդային բառապաշարից «բենդերական» մակդիրը նույնպես կապ չունի 21-րդ դարի 3-րդ տասնամյակի իրողությունների հետ: Դա նույնն է, որ մեկին մեղադրես «տրոցկիզմի» եւ «մակարտիզմի» մեջ: Հասկանալի է, որ նման պիտակներն ունեն զուտ քարոզչական բնույթ եւ կոչված են մեր՝ նախկին խորհրդային մարդկանց հոգիների մեջ տհաճ հիշողություններ արթնացնել:

Բայց եկեք քարոզչական շղարշը մի կողմ թողնենք եւ փորձենք պատասխանել՝ արդյոք Ռուսաստանի հայտարարագրված նպատակներն իրագործելի՞ են: Կարծում եմ՝ այո, եթե… Եթե (չզարմանաք) մոտավորապես նույն ձեւով է նոր աշխարհակարգը տեսնում Միացյալ Նահանգները:

Պատկերացրեք մի վիճակ, երբ Ուկրաինան պառակտվում է. Արեւմտյան` «Հաբսբուրգյան» Ուկրաինան (ինչպես էլ այն կոչվի) անցնում է Եվրոպային, մնացածը մասը (դարձյալ՝ անկախ անունից)՝ Ռուսաստանին: Այսպիսով առաջանում է բաժանարար գիծ, «երկաթե վարագույր», որի մի կողմում ժողովրդավարական, տեխնոլոգիապես զարգացած աշխարհն է, մյուս կողմում՝ աղքատ, հետամնաց, ավտորիտար, զանազան պատժամիջոցներով ճնշված երկրները: Արդյոք նման դասավորությունը ձեռնտու չէ՞ ԱՄՆ-ին: Սա, իհարկե, վարկած է, բայց, համաձայնեք, բավականին իրատեսական տարբերակ:

Իսկ մե՞նք: Մենք, կարծում եմ, պետք է լավ հարաբերություններ պահպանենք երկու կողմերի հետ եւ այդ դեպքում կարող ենք նաեւ շահել՝ ավիափոխադրումների, բանկային համակարգի, ՏՏ ոլորտում: Բայց դրա համար, իհարկե, պետք է այլ որակի կառավարություն ունենալ:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ձեր ասածը հնարավոր է այն դեպքում,եթե Ռուսաստանի ժողովուրդը կանգնի մինչև վերջ Պուտինի կողքին և սանկցիաներով պայմանավորված դժվարություններին դիմանա։Բայց ես չեմ կարծում,որ ռուսները կգնան անիմաստ զրկանքների,իրենք հավանում են արևմտյան արժեքները,մշակույթը և տեխնոլոգիաները։

  2. Լավատես says:

    Ո՞րն է այսօրվա համաշխարհային գլոբալ ուժերի ծրագիրը՝ ոչնչացնել բոլոր վերպետական, պետական եւ բոլոր ամեն տեսակ կենտրոնացված կառույցները, դրանից հետո ժողովուրդները կմնան անգլուխ եւ անպաշտպան եւ ոչնչացման վտանգի առաջ եւ այդ անբարոյական գլոբալ ուժերին պետք է հակադրվել բարոյական գլոբալ ուժերով՝ հզոր ազգային պետական ու վերպետական կառույցներ, անբարոյական ազգամիջյան պատերազմներին հակադրել ազգամիջյան բարեկամություն եւ համագործակցություն: Ռուս ուկրաինական հակամարտությունում մենք հայերով որպես գլոբալ ազգ պետք է մասնակցենք ազգովին, բոլորովս անխտիր որպես մի գլոբալ հատուկ ծառայություն եւ պետք է մասնակցենք հենց որպես միջնորդ, որի նպատակն է ջախջախել անբարոյական գլոբալ ուժերի հրահրած պատերազմի օրակարգը եւ հաստատել մեր բարոյական գլոբալ ազգամիջյան համագործակցության եւ Դաշինքի օրակարգը: Բայց հայ գլոբալ ուժ լինելու համար պետք է ազգովին դառնանք մի Դաշինք, Դաշինքի ներքին թշնամին եւ չգիտեմ որ շարասյունը՝ դա լոկալ մտածողությունն է, ցանկացած ազգի հաջողությունները սկսվում են, երբ այդ ազգը մի շունչ մի մարմին է, երբ ռուսն ու ուկրաինացին բելառուսի հետ դառնան մի շունչ մի մարմին, կսկսվի նրանց հաջողությունը, իսկ հիմա մի շունչ մի մարմին են նրանց ընդհանուր թշնամիները: Եթե մենք չեզոք դիրք չգրավենք կամ էլ սրա նրա կողմը չբռնենք, դա էլ կլինի մեր փրկությունը, մենք կպաշտպանենք մարդասիրական գլոբալ օրակարգը: Հայ գլոբալիստներ, միացե՛ք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031