Կառուցապատման համար քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու համար կառավարությունը մտադիր է համապատասխան վճարները բարձրացնել, բայց միայն այն դեպքում, եթե այդ փաստաթղթերը արագացված կարգով պետք է տրամադրվի։
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով էլ սահմանվում են համապատասխան վճարները։
Այժմ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով սահմանված են ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվությունների տրամադրման նպատակով վճարման ենթակա տեղական տուրքերի դրույքաչափերը, իսկ կառուցապատման համար անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում` ճարտարապետահատակագծային առաջադրանքի եւ շինարարության թույլտվության տրամադրման կարգն ու ժամկետները։ Կան կոնկրետ ընթացակարգեր եւ ժամկետներ, բայց օրենսդրությունը հնարավորություն չի տալիս ավելի բարձր վճարներ վճարելու դեպքում այդ փաստաթղթերը ստանալ արագացված ընթացակարգով։
Շրջանառության մեջ դրված նախագծի հեղինակները վստահեցնում են, որ փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերի տարբերակումը հնարավորություն կտա քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման սահմանված ժամկետները դիտարկել արագացված ընթացակարգի շրջանակներում, իսկ սովորական ընթացակարգի դեպքում այդ ժամկետները կդառնան առավել օբյեկտիվ, ի տարբերություն գործող ժամկետների:
Կարդացեք նաև
«Նման տարբերակումը նաեւ արդյունավետ կարող է լինել համայնքի կողմից իրականացվող գործողությունների եւ մատուցվող ծառայությունների դիմաց առավել ողջամիտ եւ արդարացի փոխհատուցումների համակարգ ունենալուն՝ շինարարության աճող տեմպերին եւ համայնքի աշխատակազմի ծանրաբեռնվածության մեծացմանը զուգահեռ»,-նշում են հեղինակները:
Նախագծում նաեւ ներկայացված են որոշ տվյալներ Երեւանում իրականացված կառուցապատման համար տրամադրվող փաստաթղթերի մասին։
Օրինակ՝ 2016 թվականին տրամադրվել է 1124 շինարարության թույլտվություն, 666 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 586 ավարտական ակտ։ 2017-ին տրամադրվել է թվով 1799 շինարարության թույլտվություն, 1008 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 467 ավարտական ակտ, իսկ 2018-ին՝ 1480 շինարարության թույլտվություն, 1788 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 532 ավարտական ակտ։ 2019 թվականին տրամադրվել է 2612 շինարարության թույլտվություն, 1853 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 497 ավարտական ակտ, 2020-ին՝ 2964 շինարարության թույլտվություն, ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ 1600, ավարտական ակտ՝ 374։ 2021 թվականին տրամադրվել է թվով 3044 շինարարության թույլտվություն, 1863 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 529 ավարտական ակտ։
Այսինքն, վերջին տարիներին Երեւանում ավելացել են շինարարության թույլտվությունների, այսինքն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման դեպքերի թիվը։ «Քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման արագացված կարգ սահմանելու նպատակի իրագործման համար առավել բարձր տեղական տուրքի դրույքաչափեր սահմանելիս հնարավոր կլինի նաեւ ապահովել աշխատակազմի վարձատրության վերանայման եւ աշխատակազմի թվի աճի հնարավորությունը»,-նշված է նախագծում, որը ներկայացրել է արդարադատության նախարարությունը: Նախագծում նաեւ նշված է, որ տեղական տուրքերի նշված դրույքաչափերը 2016 թվականից ի վեր չեն վերանայվել։
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների համաձայն, արագացված կարգով քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու համար տեղական տուրքը կրկնապատկվում է, եթե համայնքի վարչական տարածքում է քաղաքաշինական գործունեությունն իրականացվում։ Եթե մարզի վարչական կենտրոնում է քաղաքաշինական գործունեություն իրականացվում, ապա տեղական տուրքի սահմանված դրույքաչափն ավելանում է եռապատիկի չափով։
Ինչ վերաբերում է Երեւանին, ապա նախագծով սահմանվում է, որ համապատասխան փաստաթղթերը արագացված կարգով ստանալու համար մայրաքաղաքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար տեղական տուրքի դրույքաչափերն ավելանում են քառապատիկի չափով։ Սակայն, եթե լիազոր մարմինը սահմանված ժամկետում չի տրամադրում համապատասխան փաստաթղթերը, ապա վճարները ենթակա են վերադարձման։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.03.2022