«Վանաձորում մանկատան սան ունեինք՝ Գեւորգ Արթուրի Եղշատյան։ Պայմանագրով երեք տարով գնաց բանակ ծառայության, որպեսզի երրորդ տարին վճարովի ծառայի: Ասում էր՝ փող բերեմ, ընդարձակ տուն ունենամ, եւ օգնեմ իմ մանկատան ընկերներին: Պատերազմի ժամանակ զոհվեց։ Մանկատան երկու զոհվածի գերեզման Եռաբլուրում սարքած չի, որից մեկը Գեւորգինն է»,-«Առավոտին» ասում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանը:
Փաստաբանի նման վրդովված է նաեւ Վանաձորի մանկատան ողջ կոլեկտիվը։ Նրանք արդարացի չեն համարում այն, որ Գեւորգը Եռաբլուրում չէ, երկու տարի է անցել, սակայն նրան փորձում են «մոռանալ», իսկ պատճառը հայտնի չէ:
Գեւորգ Եղշատյանը ծնվել է 2000թ.-ին: Նա մանկատանն էր 2013 թվականին, ծնողները մահացել են, նրան խնամել էր մորաքույրը: Իսկ երբ նա էլ է մահացել, երեխային բերել են մանկատուն: Իմացել էր, որ ուներ քույր ու եղբայր, որոնց որդեգրել, տարել էին Ֆրեզնո: Գեւորգը սովորել է Վանաձորի թիվ 28 դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է արհեստագործական ուսումնարանի խոհարարական բաժնում, որն էլ ավարտելուց հետո 2018 թվականին նշանակվել, ծրագրով մեկնել է բանակ: Գեւորգի մասին հիշողները միշտ դրական են արտահայտվում, փաստաբանն ասում է, որ նրա անունով դպրոցում հուշատախտակ կա, իսկ 4-րդ դպրոցի դիմացի այգում նկարն է փակցված: Գեւորգը զոհվել է Ջրականում, հոկտեմբերի 9-ին:
«Գուցե Ձեր արդարամիտ միջամտությամբ սայլը տեղից շարժվի եւ այս հարցը լուծում ստանա, միայն թե մի քիչ մեղմանա բոլորիս հոգու ցավը: Ուղղակի պատճառը չգիտեմ, բայց ինչ ուզում է լինի, արդեն 2 տարի է, շնորհակալություն»,-փաստաբանին խնդրել են թե մանկատան, թե վանաձորցի հերոսի ընկերները:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.03.2022
Արցունքաբեր գազ էր, որ լցվեցին աչքերս։ Նույնիսկ մատաղ եղած զոհի դեպքում էլ կարծես թե գործում է․” Տերովին Տերն է տարել, անտերին էլ․․․” Դեհ ,տարիներ անց էլ, նրա հողակտորն էլ չէր լինելու։ Մանկատան կոլեկտիվը նրա մայրն է։ Հարգանքս այս փաստը վեր հանողին և փաստաբանին ։ փաստաբանին