Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կողքին հայտնվել են ճիշտ մարդիկ՝ ճիշտ ժամանակին»

Մարտ 02,2022 12:30

Օպերային սոպրանո Սիլվա Պետրոսյանը` «չգաղտնազերծված» նախագծի եւ կարիերայի մասին

Երիտասարդ արվեստագետները մշտապես «Առավոտի» ուշադրության առանցքում են, ու այս անգամ որոշել ենք անդրադառնալ օպերային սոպրանո Սիլվա Պետրոսյանին, որին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ հանդիպեցինք ոչ թե օպերային, այլ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային ներկայացման մեջ (խորեոգրաֆ՝ Վիլեն Գալստյան), ընդ որում՝ պրեմիերային: Եթե չենք սխալվում, դա շուրջ 5 տարի առաջ էր:

Հետո արդեն երգչուհին հանդես եկավ Կարինեի դերերգով, Չուխաջյանի համանուն օպերայում (ռեժիսոր՝ Ժիրայր Փափազյան), ապա դարձյալ պրեմիերային՝ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացման մեջ (խորեոգրաֆ՝ Եկատերինա Միրանովա, փոխադրող բալետմայստերներ՝ Սոնա Առուստամյան, Ռուբեն Մուրադյան):

Մարմնավորեց նաեւ Պուսետայի կերպարը, Մասնեի «Մանոն» օպերայում (ռեժիսոր՝ Անդրեյ Ժագարս): Վերջին անգամ 2021 թվականին հանդիպեցինք սոպրանոյին Ադինայի դերերգով, Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերային ներկայացման մեջ, ասվածին էլ հավելենք, որ երիտասարդ երգչուհին, որն արդեն 5 եւ ավելի տարիներ Երիտասարդ օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մեներգչուհի է, մասնակցել է երեւանյան եւ մարզային տարբեր ձեւաչափերով անցկացված համերգաշարերին: Մի բան էլ՝ 2017թ. նա թատրոնի մեներգչուհի, վաստակավոր արտիստ Մարինե Դեինյանի հետ մասնակցեց Ստոկհոլմում անցկացված ICVI միջազգային կոնգրեսին, որտեղ հրավիրյալ երկրների մասնագետներն իրենց մշակույթը խոսքով մատուցելուց բացի, հրամցնում էին նաեւ կատարումներ: Այդ կոնգրեսին մեր մշակույթը, մասնավորապես՝ երաժշտարվեստը, ներկայացրել է Լեւոն Ջավադյանը, իսկ Սիլվա Պետրոսյանը հնչեցրել է կոմիտասյան երգեր ու Անահիտ Չուխաջյանի օպերաներից:

Ընթացիկ տարվա հունվարին Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում երգչուհին հանդես եկավ Էվրիդիկեի դերերգով, Գլյուկի «Օրփեոս եւ Էվրիդիկե» ներկայացման մեջ: Նոր-նոր կարիերան սկսած երգչուհու այս ցանկը դեռ կարելի է շարունակել: Օրինակ, ինչպես չնշել նրա մասնակցությունը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի օպերային նախագծերում՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայում», Վերդիի «Ռիգոլետոյում» կամ ամերիկացի ժամանակակից կոմպոզիտոր Ռոն Հանիի «Գրիգոր Լուսավորիչ» օպերայում մարմնավորած հրեշտակի կերպարը: Վերջերս ԱՄՆ-ի մի շարք նահանգներում մշակութային փոխանակման ծրագրի (Ալեքսան Զաքյան) շրջանակներում անցկացվող համերգներում Սիլվան ներկայացրել է հայ հոգեւոր գանձերը՝ կոմիտասյան երգերից մինչեւ համաշխարհային երաժշտության գոհարներ:

Հարցին, թե հարթ անցնող կարիերայի համար ում է պարտական, արվեստագետն ասաց. «Պրոֆեսորիցս՝ Սուսաննա Մարտիրոսյանից, մինչեւ Լեւոն Ջավադյան, երգչուհի Իրինա Զաքյան, կոնցերտմայստերներ Նաիրա Հակոբյան ու Հասմիկ Անտոնյան, բարձրակարգ երաժիշտներ, որոնք մինչ թատրոնի երիտասարդական օպերային ծրագրում հայտնվելս ու այս տարիների ընթացքում իմ կողքին են եղել»: Ապա ժպտալով հավելեց. «Մեր մեջ ասած, ստեղծագործական, թեկուզեւ առայժմ կարճատեւ կյանքում, իմ կողքին հայտնվել են ճիշտ մարդիկ՝ ճիշտ ժամանակին»:

Փորձեցինք Սիլվա Պետրոսյանից պարզել տեղեկությունն այն մասին, որ օպերային թատրոնը ձեռնամուխ է եղել յուրահատուկ հայ կոմպոզիտորներից մեկի օպերային մեծամասշտաբ նախագծի իրականացմանը, որտեղ երգչուհուն վստահված է գլխավոր դերերգ: Երգչուհին հաստատեց մեր տեղեկությունը, բայց չնշեց ո՛չ կոմպոզիտորի, ո՛չ էլ ստեղծագործության անունը, ընդամենն ասաց. «Քիչ է մնացել պրեմիերային, 1-2 օր անց հայտագրում կտեսնեք»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031