Մանրամասնում են դպրոցի փոխտնօրենն ու դաշնամուրային բաժնի մանկավարժը
Էջմիածնի քաղաքապետարանի Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի համար տարին հոբելյանական է: Վերջերս կայացել է դպրոցի հիմնադրման 45-ամյակին նվիրված միջոցառում: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց դպրոցի փոխտնօրեն Թամարա Հակոբյանը, Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1976թ. մի խումբ նվիրյալների կողմից: Այստեղ ներկայում աշխատում է 40 ուսուցիչ, դպրոցն ունի 220 աշակերտ, որոնք սովորում են դաշնամուրային, լարային, փողային, ակորդեոնի, ժողովրդական գործիքների, վոկալի բաժիններում: Տիկին Հակոբյանի խոսքով, դպրոցի առանձնահատկություններից մեկը հենց բազմազան գործիքների քանակն է:
«Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի մանկավարժ Արտյոմ Հարությունյանը հավելեց, որ թիվ 2 երաժշտական դպրոցը կարեւոր նախաձեռնությամբ է հանդես գալիս, նախատեսել են մարզային երաժշտական դպրոցներում դասավանդվող տեսական առարկաների մրցույթ, որը հետագայում հնարավոր է վերաճի հանրապետականի:
Կարդացեք նաև
Քանի որ Արտյոմ Հարությունյանը նաեւ Էջմիածնի «Փոքրիկ քայլ» պատանի երաժիշտ կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ փառատոնին, որի որոշ անվանակարգեր անցկացվելու են թիվ 2 դպրոցում, եւ իրենք հնարավորություն են ունենալու իրենց հարկի ներքո ընդունելու երաժիշտ կատարողների:
Մեր զրուցակիցը հավելեց, որ մի շարք հետաքրքիր նախագծեր ունեն, որոնց վերաբերյալ առայժմ ձեռնպահ կմնան փակագծեր բացելուց: Ասաց, որ հայտնի մարդկանց հետ շարք է սպասվում դպրոցում, իսկ փոխտնօրենի ջանքերով ստեղծված աշակերտական խորհուրդը ներգրավված է լինելու դպրոցում առկա կազմակերպչական եւ բովանդակային հարցերում:
Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի մանկավարժներին էլ անդրադարձ եղավ: Արտյոմ Հարությունյանն ասաց, որ նրանցից ոմանք աշխատանքային գործունեությունը շարունակում են աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ-ից մինչեւ ՌԴ, Հոլանդիա եւ Շվեյցարիա, նվագում Հայաստանի տարբեր նվագախմբերում ու անսամբլներում:
Ու ինչպես արդեն նշվեց, քանի որ տարին հոբելյանական է, դպրոցում պատրաստվում են բուռն համերգային գործունեության, դրանք, բնականաբար, դպրոցի հիմնադրման 45-ամյակի համատեքստում են լինելու, համերգները ձեւական առումով որոշ փոփոխություններ կունենան, նորարարական մոտեցում կցուցաբերվի, Էջմիածնում կկայանան նաեւ բացօթյա համերգներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արտյոմ Հարությունյանը
«Առավոտ» օրաթերթ
01.03.2022