Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավտորիտար անձի» առանձնահատկությունները

Մարտ 02,2022 14:30

Ինչպես դաստիարակել ազատ մտածողություն

Ամերիկացի հռչակավոր փիլիսոփա եւ մանկավարժ Ջոն Դյուին իր հիմնական գործունեությունը ծավալել է 20-րդ դարի առաջին կեսին: Այդ գործունեությունը չէր սահմանափակվում միայն գիտությամբ եւ դասավանդմամբ՝ նա նաեւ ակտիվ հասարակական գործիչ էր, եւ այդ առումով նրա անձը նույնպես շատ ուշագրավ է: Առավել հետաքրքիրն, իմ կարծիքով, այն դրվագն է, երբ Դյուին մասնակցում էր ռուս բոլշեւիկ Տրոցկու խնդրին նվիրված քննարկմանը: Հանձնաժողովը, որը ղեկավարում էր ամերիկացի փիլիսոփան եւ ոչ պաշտոնապես կրում էր հենց նրա անունը, ձեւավորվել էր 1937 թվականին եւ պետք է քններ Խորհրդային Միությունում Տրոցկու դեմ առաջ քաշած մեղադրանքները: Ինքը՝ ռուս հեղափոխականը, վաղուց արդեն լքել էր հայրենիքը եւ այդ պահին գտնվում էր Մեքսիկայում, որտեղ եւ կայացել էր այդ յուրահատուկ հանձնաժողովի նիստը՝ «մեղադրյալի» ներկայությամբ:

Երկու կողմերն էլ ակնհայտորեն դժգոհ էին հանձնաժողովի աշխատանքից: Միացյալ Նահանգներում 78-ամյա պրոֆեսորին սպառնում էին զրկել դասավանդելու իրավունքից (ինչը, սակայն, տեղի չունեցավ): ԽՍՀՄ-ում նա դասվեց թշնամիների շարքին եւ հետագա տասնամյակներում պիտակավորվում էր որպես «ռեակցիոն-բուրժուական փիլիսոփա»՝ չնայած 1928 թվականին Դյուին այցելել էր Խորհրդային Միություն եւ հարգանքով էր խոսում խորհրդային մանկավարժության մասին: Եվ ահա, երբ հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ Տրոցկին սկսեց շնորհակալական խոսքեր շռայլել ամերիկացի գիտնականի հասցեին, վերջինս ընդհատեց նրան եւ ասաց. «Ես ամենեւին չեմ կիսում ձեր հայացքները: Ես, մասնավորապես, կտրականապես համաձայն չեմ «նպատակն արդարացնում է միջոցները» ձեր թեզի հետ: Բայց եթե դուք հնարավորություն չունեք արտահայտվելու ձեր հայրենիքում, դուք պետք է այդ հնարավորությունը ստանաք այստեղ»:

Խոսքը, ինչպես հասկանում եք, ազատ մտածողության մասին է, որի դաստիարակությունն էր մանկավարժության մեջ քարոզում Ջոն Դյուին: Նա բանավիճում էր 20-րդ դարում դեռեւս գերիշխող գերմանական մանկավարժական գաղափարների դեմ՝ ի դեմս, մասնավորաբար, Յոհան Հերբարտի տեսության, բայց դարձյալ ուշադրություն դարձնենք՝ դա անում էր ամենայն ակնածանքով իր ընդդիմախոսների հանդեպ: Սակայն, եթե դուրս գանք նեղ իմաստով մանկավարժության ոլորտից, ապա կարող ենք ասել, որ հատկապես 21-րդ դարում մարդիկ պետք է կրթվեն եւ դաստիարակվեն իրենց ողջ կյանքի ընթացքում, եւ պարտադիր չէ, որ կրթության վայր դառնան միայն այն ինստիտուտները, որոնք «պաշտոնապես գրանցված» են այդ նպատակով: (Չնայած կարծում եմ, որ դպրոցի նշանակությունն այստեղ առաջնային է):

Խնդիրը, կարծում եմ, այն է, որ 20-րդ դարում (եւ ոչ միայն ստալինյան Խորհրդային Միությունում եւ նացիստական Գերմանիայում) ձեւավորվել է այն, ինչ Միացյալ Նահանգներում ապրող գերմանացի էմիգրանտ մտածողներն անվանում էին «ավտորիտար անձ»: Ըստ համանուն գրքի հեղինակ Թեոդոր Ադորնոյի՝ այդ անձին հատուկ է կոնվենցիոնալիզմը, իշխանությանը հպատակվելը, ապակառուցողականությունը եւ ցինիզմը: Ավտորիտար անձը երբեմն նաեւ ապստամբում է, «սակայն այդ ապստամբությունը կարող է դրսեւորվել այնպես, որ անձի ավտորիտար կառուցվածքն, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվում: Ատելի ծնողական հեղինակությունը կարող է վերանալ միայն այն բանի համար, որ իր տեղը զիջի մեկ այլ հեղինակությանը», – գրում է Ադորնոն: Այսինքն՝ «վատ թագավորի» դեմ ապստամբելը եւ դրա փոխարեն «լավ թագավորին» երկրպագելն անձի կառուցվածքում ոչինչ չի փոխում: Քանի որ այդպիսի անձն ունի իր երկրպագության օբյեկտը, անպայման պետք է լինի նաեւ ատելության ու թշնամանքի առարկան՝ մեկը մյուսի շարունակությունն է:

Ինչպես դաստիարակել ազատ, ոչ ավտորիտար անձնավորություն: Այստեղ ոչ մի նոր բան հնարավոր չէ ասել՝ ցույց տալ «սեւ-սպիտակ» մտածողությունից դուրս գալու օրինակը, թե՛ սեփական, թե՝ պատմական: Դրանցից մեկը փորձեցի բերել հոդվածի սկզբում. Ջոն Դյուին ուներ իր հստակ համոզմունքները, բայց բաց էր տրամագծորեն հակառակ տեսակետների համար: Այդպիսի սկզբունքով, կարծում եմ, պետք է առաջնորդվեն ոչ միայն լրատվամիջոցները, այլեւ ուսուցիչներն ու դասախոսները եւ նույնը փոխանցեն իրենց աշակերտներին:
… Որպեսզի է՛լ ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, բերեմ օրինակ, որն անմիջականորեն առնչվում է մեր այսօրվա իրականությանը: Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված Հայաստանում կա երկու տեսակետ: Ըստ առաջինի՝ Ուկրաինան եւ Արեւմուտքն իրենց լկտի պահվածքով չարաշահել են Պուտինի հրեշտակային համբերությունը, եւ Ռուսաստանի նախագահին այլեւս բան չէր մնում, քան հարձակվել Ուկրաինայի վրա: Իսկ երկրորդ տեսակետի համաձայն՝ Պուտինն է ինչ-որ ինֆերնալ կերպար, որի մտքով ժամանակ առ ժամանակ անցնում է պատերազմ սկսել եւ հազարավոր մարդկանց կյանքեր խլել: Ահա սա՛ է մեր հասարակության նոր բաժանարար գիծը («ներկա-նախկիններից» բացի): Բայց հետաքրքիրը դա չէ. կան մարդիկ, որոնք ասում են. «Այո, ռուսամետ ու արեւմտամետ լինելը սխալ է, պետք է լինել բացառապես հայամետ»: Բայց հաշվի չի առնվում, որ «հայամետ-ոչ հայամետ»-ը նույնպես բաժանարար գիծ է: Եվ վեճը գնալու է հետեւյալ ուղղությամբ. «Ես հայամետ եմ»-«Չէ, ես եմ հայամետը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aha says:

    I also disagree with ‘the end justifies the means’ approach. I think the way to reach a goal is as important if not more than the goal itself. In this regard, Mr. Abrahamyan had written an editorial a few years ago pertaining to the importance of the form, at least to the same degree than the content. I some cases, the article concluded citing a Russian writer/thinker, the form is actually more important than the content.

    Can you please share the link of that article or tell me where to find it? I think it was among the best articles written by Mr. Abrahamyan.

  2. Լավատես says:

    Հայտնի ֆիզիկոսներից մեկը փիլիսոփաներին երկու տեսակի էր բաժանում՝ փիլիսոփաներ եւ փիլիսոփաներ մի գավաթ թեյ խմելիս, առաջին տեսակի ներկայացուցիչներ ունեին գոնե ինչ որ հիմնային դրույթներ, որոնց շուրջ չէին վիճում, այլ ընդունում էին առանց ապացույցի, որպես աքսիոմա, դոգմատ, պոստուլատ, իսկ թեյ խմող փիլիսոփաները վիճում էին միայն վիճելու համար եւ ոչ մի սահմանափակող կարմիր գծեր չէին ճանաչում:
    Կարճ ասած, եթե հայ ես, դու կարող ես ռուսամետ լինել կամ չլինել կամ ուկրաինամետ լինել կամ չլինել, բայց հայամետ լինել պարտական ես, սա է հայի աքսիոման, որը բոլոր հայերի կողմից ընդունվում է առանց ապացույցի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031