Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ուկրաինական պատերազմ. ահա թե ինչ է տեղի ունենում, երբ փոխզիջում ձեռք չի բերվում

Մարտ 01,2022 23:57

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Այն, ինչ հենց հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, հնարավոր վատագույն սցենարն է երկու կողմերի, իսկ իրականում բոլոր կողմերի համար։

Առաջին հերթին, սա սարսափելի ողբերգություն է ռուսական ներխուժման զոհ դարձած Ուկրաինայի ժողովրդի համար, որից ամեն գնով պետք էր խուսափել։ Ոչ ոք չի կարող արդարացնել երկրի կործանումը և անմեղ մարդկանց սպանությունը։ Մենք պետք է զորակցենք խաղաղությանը, ողջախոհությանը և բոլոր մարդկանց անվտանգությանը։

Եկեք անտեսենք անողոք քարոզչությունը, ապատեղեկատվությունը և կեղծավորությունը, որոնք հեղեղել են լրատվամիջոցները պատերազմից առաջ և դրա ընթացքում: Պետք չէ քաղաքականություն խաղալ կամ կողմնակալ լինել մարդկանց կյանքի նկատմամբ։

Այժմ զգացմունքային հայտարարություններից տեղափոխվենք իրական աշխարհ, որը մարդ կարող է անտեսել միմիայն ի վնաս իրեն: Աշխարհի գոյությունից ի վեր ուժեղները միշտ էլ իրենց կամքն են հարկադրել թույլերին: Սրանից պրծում չկա։ Այդպես եղել է, այդպես էլ կշարունակվի։ Բոլոր նրանք, ովքեր հավատում են ճշմարտությանն ու արդարությանը, խորապես սխալվում են։ Նրանք ապրում են երևակայական աշխարհում։

Ռուսաստանը, որպես հզոր երկիր, իրեն վտանգված էր զգում արևմտյան տերությունների կողմից իր ազդեցության գոտի ներխուժմամբ և ցանկանում էր պաշտպանել իր ազգային շահերը։ Համաձայն ենք ռուսական տեսակետի հետ, թե ոչ, կարևոր չէ։ Ռուսներն այսպես են ընկալում իրավիճակը։ Իսկ երբ դու ուժեղ երկիր ես, ճիշտ թե սխալ, փորձում ես քո կամքը պարտադրել ուրիշներին, այսպես թե այնպես։ Այս իրավիճակի նախադեպը Ռուսաստանի ներխուժումն է Վրաստանի Հանրապետություն 2008 թվականին, երբ վերջինս հրապուրվել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարով։ Վրաստանի զգալի մասը դեռևս գրավված է Ռուսաստանի կողմից։

Նրանք, ովքեր արևմուտքում սնափառ հայտարարություններ են անում անմեղ երկրի վրա հարձակված մեծ, վատ Ռուսաստանի մասին, հարմարորեն մոռանում են, թե ինչպես են արևմտյան երկրներն իրենք իրենց պահել տասնամյակներ, նույնիսկ դարեր շարունակ: Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Իտալիայի կայսերական ուժերը անցել են աշխարհով մեկ՝ նվաճելով տասնյակ ավելի փոքր, աղքատ և թույլ երկրներ, հպատակեցրել նրանց, թալանել նրանց բնական ռեսուրսները, սպանել և վիրավորել հարյուր հազարավոր բնիկների, մինչև նրանք ոտքի են կանգնել և դուրս շպրտել ագրեսորներին:

Միացյալ Նահանգները՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ինքնահռչակ տիպարը, անցյալում հարձակվել և գրավել է մի քանի երկրներ՝ իր կամքը պարտադրելով ողջ աշխարհին։ ԱՄՆ կառավարությունը տապալել է բազմաթիվ ղեկավարների, որոնք հրաժարվել են հետևել իր ուղեգծին և խոնարհվել Ամերիկայի ցանկությունների առաջ: Նման տասնյակ օրինակներ կան, որոնցից ամենավերջինը Իրաքն է։ Ո՞վ կարող է մոռանալ 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամը, երբ Խորհրդային Միությունը միջուկային հրթիռներ տեղադրեց Կուբայում՝ ԱՄՆ-ից ընդամենը 150 կիլոմետր հեռավորության վրա: Այն ժամանակ երկու երկրները գտնվում էին միջուկային պատերազմի շեմին։ Գոյություն ունի նաև ԱՄՆ-ի երկարամյա քաղաքականությունը՝ ի դեմս Մոնրոյի դոկտրինի, որտեղ ասվում է, որ արտաքին ուժերի ցանկացած միջամտություն Ամերիկայի քաղաքական գործերին համարվում է ԱՄՆ-ի դեմ թշնամական գործողություն: Ինչո՞վ է սա տարբերվում Պուտինի մեկնաբանությունից՝ Արևելյան Եվրոպայում, այդ թվում՝ Ուկրաինայում Ռուսաստանի ազդեցության գոտու մասին։ Վերջապես, Ռուսաստանի դեմ նախագահ Բայդենի քայլը մասամբ պայմանավորված է նրա մինչև հիմա ամենացածր վարկանիշը (37 տոկոս) բարձրացնելու մտադրությամբ։ Washington Post-ի և ABC News-ի վերջին հարցախույզը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 33 տոկոսն է հավանություն տալիս Բայդենի կողմից Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի կարգավորմանը, մինչդեռ 47 տոկոսը հավանություն չի տալիս դրան:

Նախընտրելի կլիներ ուղղակի բանակցությունների վարումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու համար։ Ինչպես հաճախ ասում են՝ «պատերազմը դիվանագիտություն է այլ միջոցներով»։ Որքան շատ արտաքին ուժեր, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը խառնվեն այս վեճին, այնքան ավելի վատանում է իրավիճակը, քանի որ այս երկրներից յուրաքանչյուրը, ձևացնելով պաշտպանել Ուկրաինային, իրականում հետապնդում է իր շահը: Հարցի առանցքը Ռուսաստանի և Արևմուտքի միջև անհամաձայնությունն է՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Արևմուտքի կողմից տրված ենթադրյալ խոստման մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի Արևելյան Եվրոպա՝ սպառնալով Ռուսաստանի անվտանգությանը: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն իրոք ընդլայնվեց դեպի Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ, ինչը Ռուսաստանը դիտեց որպես թշնամական գործողություն:

Ռուսաստանը որոշեց իր կամքը պարտադրել Ուկրաինային՝ վախենալով, որ եթե նա արագ չգործի, Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, որից հետո անհնար կլինի չեզոքացնել ընկալվող վտանգը, քանի որ համաձայն ՆԱՏՕ-ի քաղաքականության՝ «հարձակումը մեկ անդամ երկրի վրա համարվում է հարձակում բոլորի վրա»։

Պետք է փոխզիջում գտնվեր երկու կողմից՝ պատերազմից խուսափելու համար։ Մարդկանց մեծամասնությունը կարծում էր, որ պատերազմ չի լինի, և Ռուսաստանը զորքեր է կուտակում Ուկրաինայի սահմանին, որպեսզի ճնշում գործադրի նրա վրա՝ փոխզիջումային լուծման հասնելու համար: Ցավոք, Ուկրաինայի վրա ազդելու Ռուսաստանի փորձն ավարտվեց լայնածավալ ներխուժմամբ՝ ոչնչացնելով երկրի ենթակառուցվածքների զգալի մասը և անասելի զոհեր պատճառելով։ Հնարավոր է, որ Ուկրաինան մերժեց զիջումների գնալ՝ հենվելով Արևմուտքի հավաստիացումների վրա, որ այն ռազմական և տնտեսական օգնության կհասնի, եթե նա դիմադրի ՆԱՏՕ-ին չմիանալու ռուսական պահանջներին: Բացի ռազմական տեխնիկա և տնտեսական աջակցություն տրամադրելուց, արևմտյան երկրները փորձեցին արգելափակել Ռուսաստանի գործողությունները՝ կիրառելով մի շարք խիստ պատժամիջոցներ, որոնք չկարողացան փոխել նրա որոշումը: Հույս ներշնչող նորությունն այն է, որ երկուշաբթի օրը ռուսական և ուկրաինական պատվիրակություններն անցկացրեցին առաջին ուղիղ բանակցությունները և պայմանավորվեցին կրկին հանդիպել։

Պատերազմի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքների պատճառով Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի հետ իր դաշինքի և կախվածության, ինչպես նաև մնացած աշխարհի հետ հարաբերությունների մեջտեղում: Ինչպես ասում են, երբ «երկու փիղ բախվում են, մրջյունը ոտնակոխ է լինում, անկախ նրանից, թե որ փիղն է հաղթում»:

Հայաստանի ամենամեծ խնդիրը ձեռնհաս ղեկավարի բացակայությունն է, որը կկարողանար հմուտ լուծում գտնել այս ծայրահեղ բարդ իրավիճակից դուրս գալու համար։ Պատերազմի սկզբից ի վեր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հայտարարություն չի արել։ Այդուհանդերձ, երեք առանձին առիթներով Հայաստանը կողմնակալ է եղել և հայտարարություններ արել այս հակամարտության վերաբերյալ։

Հայաստանն ամենախնդրահարույց գործողությունը ձեռնարկեց անցած ուրբաթ, երբ Եվրոպայի խորհուրդը քվեարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին և Նախարարների կոմիտեին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին։ Հայաստանը միակ երկիրն էր, որը Ռուսաստանի հետ միասին դեմ քվեարկեց այդ որոշմանը։ Քառասուներկու երկիր կողմ քվեարկեց։ Թուրքիան խորամանկորեն ձեռնպահ մնաց, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չքվեարկեց։ Արևմտյան երկրները շատ բարյացակամ չեն լինելու Հայաստանի աջակցությանը Ռուսաստանին։ Նմանապես, Ռուսաստանը շատ բարյացակամ չի լինելու Ադրբեջանի և Թուրքիայի քվեարկություններին։ Ուկրաինայում պատերազմն անկասկած կսահմանափակի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Թուրքիայի լարախաղի հնարավորությունը: Ադրբեջանի նմանատիպ լարախաղը նույնպես կսահմանափակվի ԵԽ-ում Ռուսաստանի հետ կողմ չքվեարկելով՝ դրանով իսկ խաթարելով փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված «դաշնակցային համագործակցության» հռչակագիրը։

Երկրորդ, երբ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանին հարցրել էին, թե արդյոք Հայաստանը կմիանա Ռուսաստանին՝ ճանաչելով Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների «անկախությունը», նա պատասխանել էր՝ «Նման հարց [Հայաստանի] օրակարգում չկա»։ Պուտինին այդ պատասխանը չի գոհացնի։ Նա բազմաթիվ ուղիներ ունի ստիպելու Փաշինյանին այս ճգնաժամում հավատարիմ մնալ ռուսական գծին։

Վերջապես, փետրվարի 25-ին Ղազախստանում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում՝ Փաշինյանը առաջարկեց արագ միջոցներ ձեռնարկել «նվազագույնի հասցնելու կամ շրջանցելու» հակառուսական պատժամիջոցները, որոնք Արևմուտքը հաստատել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։

Հակառուսական պատժամիջոցները, անկասկած, մեծ ազդեցություն կունենան Հայաստանի թույլ տնտեսության վրա, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է։ Ինչպես ասում են, երբ «Ռուսաստանը փռշտում է, Հայաստանը մրսում է»։ 2021 թվականին Ռուսաստանում հայ աշխատողների կողմից Հայաստանում իրենց ընտանիքներին փոխանցված 861 միլիոն դոլարը կտրուկ կսահմանափակվի ռուբլու անկման և գործազրկության աճի պատճառով։

Հայաստանի և Ուկրաինայի միջև նույնպես վաղուց հակասություն կա։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են իրենց վստահությունը դավաճանելու և թշնամիների կողմն անցնելու մեջ։ 2014 թվականին Հայաստանը, ինը այլ երկրների և Ռուսաստանի հետ միասին, դեմ քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որն անվավեր էր ճանաչել ռուսամետ Ղրիմի հանրաքվեն։ Հայերն արձագանքեցին՝ հիշեցնելով, որ Ուկրաինան 2008 թվականին Գլխավոր ասամբլեայում քվեարկել էր մի բանաձևի օգտին, որը պահանջում էր «հայկական ուժերը» դուրս բերել Լեռնային Ղարաբաղից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ հայտարարեց. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես Ադրբեջանը միշտ աջակցում է մեր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»։ Ավելին, Ուկրաինան 2020 թվականի պատերազմից առաջ մահաբեր զենքեր վաճառեց Ադրբեջանին։

Չպետք է մոռանալ, որ Ուկրաինայում մոտ 500 հազար հայ է ապրում։ Երբ այլ երկրներ փակեցին իրենց դեսպանատներն Ուկրաինայում և դուրս բերեցին իրենց քաղաքացիներին, Հայաստանի դեսպանությունը շարունակեց գործել, և հայ քաղաքացիները մնացին Ուկրաինայում՝ վտանգելով իրենց կյանքը:

Օրեցօր ավելի շատ անմեղ խաղաղ բնակիչներ են զոհվում Ուկրաինայում, ավելի շատ պատժամիջոցներ են սահմանվում Ռուսաստանի դեմ և ավելի շատ աղետաբեր սպառնալիքներ են հնչում։ Առողջ դատողությունը պետք է հաղթանակի՝ նախքան աշխարհը հասնի իր վերջին օրերի սցենարին:

Միակ լուծումը խաղաղ բանակցությունների միջոցով փոխզիջման հասնելն է։ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» մոտեցումը բոլորին կթողնի կույր և անատամ։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031