«Գարուն ա․․․» ֆիլմը հայրենիքը ինքդ քեզնից ու ամենքից վեր դասելու մասին է
Մարտի 1-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերան: Հայրենիքի, սիրո, նվիրվածության ու ընտանիքի մասին պատմող այս լիամետրաժ ֆիլմը շատերի մոտ հույզեր առաջացրեց: Կինոնկարի գլխավոր հերոսները երեք սերունդ են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։
Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է․ մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լեւոնը, վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ։ Սակայն հերոսի կյանքում ապագան եւ հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը: Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով․․․
Հավելենք, որ ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ:
Կարդացեք նաև
Դերասաններից Մարջան Ավետիսյանը ֆիլմում նկարվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանից եւ դերասան Ալեքսանդր Խաչատրյանից. վերջինս ոչ միայն ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին է կերպավորել, այլեւ ֆիլմի պրոդյուսերն է: Դերասանուհու հերոսը ինտելիգենտ, համեստ, խաղաղասեր, բարի, հայրենասեր հայ կին է. մասնագիտությամբ՝ դաշնակահարուհի: Սա նրա հերթական ֆիլմերից է, որին մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ու փորձել ներկայանալ կինոդիտողին պատվով: Հեշտ չեն եղել նկարահանումները, քանի որ ամբողջ աշխատանքային պրոցեսը տեղի է ունեցել քովիդի պայմաններում:
Մարջանի խոսքով՝ այս ֆիլմը հայրենիք ցանկանալ ունենալու մասին է, հայրենիքը սիրելու մասին է, հայրենիքը ինքդ քեզնից ու ամենքից վեր դասելու մասին է: Ֆիլմում հայի բոլոր տեսակներին անդրադարձ կա: Ըստ դերասանուհու՝ մեր օրերում կարիք կա վերջնական ու լուրջ սթափվելու:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ