Դժվար է կարդալ զոհված զինվորների մասին՝ ընդամենը և ընդմիշտ քսանամյա, անձնազոհ, համեստ, օրինավոր, ջրականյան անխրամատ բաց դաշտում, ասես 17 դար առաջ՝ Ավարայրի դաշտում ․․․
Դժվար է գրել, երբ այնքան կիսատ մնաց ամեն ինչ, և երբ պատմողը մայր է, ընդամենը քառասնամյա և զուսպ, վշտահար, հպարտ, ընդմիշտ կարոտող «Ինքը հայրենիքինն էր, ինչ անեմ․․․»։
Վայոց Ձորի սահմանամերձ Սերս փոքր՝ 30 տնտեսություն ունեցող գյուղը պատերազմում երկու զոհ է տվել, Հակոբ Համբարձումյանը դպրոցի ուսուցիչն էր։ Մինչ այս փոքր ընտանիքը՝ մայր, հայր, կրտսեր եղբայր, ահռելի վշտից ցնցված ու քարացած էր, և Գայանեն ավագ որդու՝ Հակոբի զոհվելուց տարիուկես անց է միայն ի զորու խոսել նրա մասին․ «Հոկտեմբերի 10-ն էր, հայտարարել էին հրադադար, ամեն րոպե լավ լուրի էինք ապասում, Հայկս զանգում է, ուրիշ մարդ է վերցնում հեռախոսը «Քո ախպերը էլ չկա»։ Ընտանիքի համար շատ ծանր էր,մեր տունը դատարկ էր»։
Կարդացեք նաև
Հակոբ Համբարձումյանը բարձրագույնը չավարտած, զորակոչվել է բանակ,երկու տարի ծառայել էր Ղարաբաղում, Մարտունի 3, շատ դաժան պոստում, եղբորն ասել էր՝ պատերազմն ամենևին չի վերջացել, մշտապես կրակոցներ, դիվերսիա։
«Էդ ժամանակ քառօրյան սկսվավ, լույս 2-ի գիշերը ինքը պոստի էր, հետագայում պարգևատրվեց։ Քառօրյայից հետո առողջական խնդիրներ ուներ, ոտքերն ուռել էին, դիմեցինք, ոչ մի արդյունքի չհասանք։ Զինգրքույկի մեջ էլ չգրեցին, քանի որ ուսանող էր, զեղչերի հարց կար, էլի ուշադրություն չդարձրինք, կարևորը անփորձանք հետ էր եկել։ Հակոբը, որ նոր էր զորացրվել, ծանր մղձավանջների մեջ էր, ասում էր՝ «Մամ դու չես պատկերացնի, ինչ ընկերներ եմ կորցրել, ու ինչ հրաշք ա, որ կենդանի եմ եկել»։
Էդ կրակից պրծավ-եկավ․․․ Ինքը նվիրյալ էր, չէր կարա չգնար, ոչ զինվոր էր, ոչ էլ պայմանագրային, զորակոչ արին, պատասխանատու, պարտաճանաչ, փախչող չէր։ Գնաց, հետո եմ հարց ու փորձ արել, Վայքից տեղափոխել էին Գորիս, հետո տարել էին Ջաբրայիլ։ Ինքը հայրենիքինն էր, ինչ անեմ․․․ Մխիթարում է, քանիսի կյանք է փրկել, անտեր են եղել տղաները, ուրիշներն են ասում, ոչ թե որ իմ տղան է, ուր թողնենք կորեն, մի ձեռքով զինվորներին էր հողերի տակից հանում-փրկում, զոհվածներին պատերազմի դաշտից դուրս հանում, ինքը շատ ուժեղ էր ֆիզիկապես, սպորտսմեն չէր, առողջ ապրելակերպ էր վարում, մեծ մարդ կդառնար»,- ասում է Գայանեն։
Հակոբը Խորենացու համալսարանում ուսմանը զուգահեռ մասնակցել է Մայքրոսոֆթի ծրագրավորման դասընթացներին։ Երևանում չի ցանկացել մնա, ծննդավայր գյուղը շատ էր սիրում, վերադարձել է գյուղ, Սերս ու Բարձրունի գյուղերում ծրագրավորում էր դասավանդում, համակարգչային օպերատոր էր ու ուսուցիչ։
2020 թվականի սեպտեմբերի 30-ին կամավորականների ջոկատով ուղիղ Ջաբրայիլ են տարել, ոչ հրամանատարություն, ոչ կարգ ու կանոն, ինքն էլ բանակից տեղյակ, քառօրյա պատերազմ տեսած։ Մարտական ընկերներն են պատմել, ասել է տղաներ, չվախենաք, ձեզ կօգնենք, գիշերները ձեռքով խրամատ են փորել՝ փոս, պաշտպանվելու համար թաքստոց։ Հրադադարին նախորդող այդ օրը անդադար կրակել են, 15 հոգու հողերի տակից հանել է, փրկել։
Հայրենիքի համար զոհված հեռանկարային մասնագետի համեստ մոր խոսքը մի քիչ խառն է, ափսոսանքով, ակնածալից․ «Փախչող չէր, նվիրական էր, կամանդիրին էլ մարմնով ծածկել՝ փրկել էր, բայց արկը կպել էր թիկունքին։ Հետո ենք իմացել, Երևանում երկար բուժվելուց հետո իր փրկած մարդը հարցրել է՝ Հակոբը կա՞, ասել են ՝ չէ, էլ չկա։ Բեկորային վնասվածք էր, գիշերով վազացրել էին, որ փրկեն, բժիշկն ասել էր եթե զրահաբաճկոն լիներ, կփրկվեր։ Անմիջապես բերեցին, ոչ մի վնասվածք չուներ, ոնց որ քնած լիներ։ Կյանքի գնով կյանքեր է փրկել, շատ դժվար է։ Մեկը եկավ մեր տուն՝ սաղ-սալամաթ, Հայկիս ասեց՝ քո ախպերը մեզ հողերի տակից հանավ։ Աղոթում էր, աստվածավախ էր, ընկերները կենդանի, ինքն իր կյանքը տվավ։ Սեպտեմբերի 30-ին գնաց պատերազմ, հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զոհված տվին մեր ձեռը, սպասում էինք, հոկտեմբերի 28-ին իր ծնունդն էր, 25- ամյակը պիտի նշեինք․․»։
Գայանե Մկրտչյան