Aravot.am-ը Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանից հետաքրքրվեց՝ բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի լիազորությունները դադարեցված դատավոր Բորիս Բախշիյանի կայացրած վճիռները քանի՞ անգամ է անցած տարվա ընթացքում դատախազության կողմից բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան։
Նշենք, որ Բորիս Բախշիյանը ներկայում կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք։
Էդուարդ Հարությունյանի պարզաբանմամբ՝ դատախազների կողմից դատական ակտերի բողոքարկումը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված գործընթաց է, որը իրականացվում է այն դեպքում, երբ դատախազի կարծիքով դրանք օրինական կամ հիմնավորված չեն: «Եվ մեզ համար բացարձակապես որեւէ նշանակություն չունի եւ չի կարող ունենալ՝ որ դատավորն է կայացրել այդ որոշումը: Հետեւաբար, մարզի դատախազության կողմից նշված ժամանակահատվածում բողոքարկվել են ոչ միայն դատավոր Բորիս Բախշիյանի, այլեւ մյուս դատավորների կողմից կայացված դատական ակտեր»,-նշել է Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը:
Միայն 2021թ. ընդհանուր առմամբ բողոքարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կողմից կայացված՝ ինչպես գործն, ըստ էության, լուծող դատավճիռներից, այնպես էլ նախաքննությանը վերաբերող հարցերով ընդհանուր 25 դատական ակտ: Ինչ վերաբերում է կոնկրետ դատավոր Բորիս Բախշիյանին, ապա 2021 թվականին, տարվա կտրվածքով, Սյունիքի դատախազները բողոքարկել են նրա կողմից կայացված դատական ակտերից 5-ը, որոնցից 3-ը՝ դատավճիռներ, 2-ը՝ որոշումներ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը պատասխանել է Aravot.am-ի հարցերին։ Հաշվի առնելով հարցազրույցի ծավալուն լինելը, այն ներկայացնում ենք հատվածաբար։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ