Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունները, ցավոք, դասակարգային թշնամի են կարգել մամուլին և անընդհատ թիրախավորում են». Սաթիկ Սեյրանյան

Մարտ 01,2022 23:13

«Նույնիսկ հետպատերազմական օրակարգ՝ որպես բոլորի համար ընդունելի կոնսենսուս չի ձևավորվել, ուր մնաց՝ խոսենք հայկական օրակարգի մասին»,- «Հայկական օրակարգ. հետպատերազմյան Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Ըստ նրա՝ հանրության շրջանում լրջագույն անվստահություն կա պաշտոնական մարմինների տարածած տեղեկատվության հետ կապված: Նա ասաց. «Լրջագույն  անվստահություն կա պաշտոնական խոսքի նկատմամբ: Հասարակությունը շատ դեպքերում պետությունն ասոցացնում է իշխանության հետ: Պատերազմից հետո առհասարակ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ, հետևաբար պետության նկատմամբ վստահության լրջագույն նահանջ է տեղի ունեցել: Մադկանց պետությունը, իշխանություններն ամեն օր խաբում էին, և նրանք նոյեմբերի տասից հետո արթնացան բոլորովին այլ իրականությունում: Պաշտոնական տեղեկատվություն կրող առանձին ներկայացուցիչներ սոցիալական ցանցերում խոսում էին Գետաշենը գրավելու մասին, մարդիկ արթնացան ու տեսան, որ Շուշին, Հադրութն են հանձնել: Հիմա էլ իշխանությունները շարունակում են թիրախավորել մամուլին: Նոր իրողությունն այն է, թե իշխանությունն ամեն ինչ փորձում է անել, մինչդեռ մամուլը չի թողնում աշխատել»:

Սաթիկ Սեյրանյանը փաստեց՝ բոլոր ժամանակներում էլ իշխանությունները չեն սիրել մամուլին, թիրախավորել են որոշակիորեն այս կամ այն չափով ազատ խոսքը կամ մամուլը ու նկատեց. «Այսօրվա իշխանությունները, ցավոք, դասակարգային թշնամի են կարգել մամուլին և անընդհատ թիրախավորում են: Ցավոք, լրատվամիջոցներին թիրախավորում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլև քաղհասարակության ներկայացուցիչները: Շատ դեպքերում ընդդիմադիրները ևս գրկաբաց չեն ընդունում ազատ խոսքը: Այսօր լրատվամիջոցներին առավել քան դժվար է այս պայմաններում աշխատելը: ՀՀ-ում լրատվամիջոցները դարձել են ուղիղ իմաստով խոսքի ազատության և ժողովրդավարության պաշտպան: Իշխանությունները կանգ չեն առնում: Ամեն օր նոր օրենքի նախագծով են հանդես գալիս: Արդեն ինչ-որ իմաստով հասկանալի է դառնում, որ իշխանությունները հաստատուն քայլերով գնում են դեպի ավտորիտարիզմ, և այս ճանապարհին նրանց խոչընդոտում է մամուլը, ազատ խոսքը, և նրանք շարունակելու են, կանգ չեն առնելու»:

Ըստ ՀԺՄ նախագահի՝ այս դեպքում, եթե կազմակերպությունները նախաձեռնեն, հանդես գան ինչ-որ օրենսդրական նախաձեռնությամբ, դրանով խնդիրը չի լուծվելու: Նա այս առիթով պարզաբանեց. «Ունենք այսպես ասած գերազանցիկ աշակերտների ակումբ հիշեցնող գործադիր իշխանություն, խորհրդարանում իշխանությունն  ունի մեծամասնություն, ՍԴ-ն անցել է իշխանության վերահսկողության տակ: Դատական համակարգը փորձում են դարձյալ իրենց վերահսկողության տակ վերցնել, հնազանդեցնել իրենց: Այսինքն՝ մենք որևէ հաջողության չենք կարող հասնել: Ստիպված մեզ մնում է լրագրողներով, լրատվամիջոցներով պրոֆեսիոնալ էթիկայի կանոնների պահպանմամբ համախմբվել, մեր խնդիրների մասին բարձրաձայնել, մինչև հասարակությունը նաև մեր ջանքերի շնորհիվ կգա այդ գիտակցության»: Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ պետք է դեմքով շրջվել դեպի հանրություն, խոսել հասարակության հետ, դուրս գալ սոցիալական հարթակներից: Նա վստահեցրեց. «Հավատացեք՝ հասարակության մի ստվար զանգված չկա սոցիալական ցանցերում: Իրենց խնդիրների տակ կքած է, նաև հասանելիության խնդիր ունի: Մեզ ինչո՞ւ է թվում, որ  Ուրցաձորի բնակիչը, ծայրամասում ապրող բնակիչը քնում, արթնանում, մտածում է՝ տեսնես օրինակ, Սաթիկ Սեյրանյանը, Արթուր Վանեցյանը, Արմեն Գևորգյանն ի՞նչ են խոսում, մտածում: Իրենք արթնանում են բոլորովին ուրիշ խնդիրներով: Հարցն այն է՝ արդյոք բոլորս կարողանո՞ւմ ենք այս խնդիրները տեղ հասցնել իրենց: Այստեղ անելիք ունենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031