«Իսկ ո՞րն է մեր՝ ոչ իշխանական օրակարգը»,- «Հայկական օրակարգ. հետպատերազմյան Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ հարցրեց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա` դա հասկանալու համար պետք է պատկերացնել, թե մենք ինչ իրավիճակում ենք հայտնվել ու նշեց. «Ունենք անգործունակ կառավարություն, պրակտիկայում անգործության մատնված ՊՆ և ԱԳՆ: Մենք այսօր ունենք թուլացած բանակ, բաժանված հասարակություն և բազում նման բացասական բաներ: Ամենակարևորը հանրությունն է: Այստեղ ևս ունենք լրջագույն խնդիր»:
Նա հանրությանը պայմանականորեն բաժանեց մի քանի խմբերի ու ասաց. «Մի խումբը պացիֆիստներն են, որոնք ընդհանրապես հանդես են գալիս թշնամու հետ ցանկացած գնով հաշտվելու տեսանկյունից, ինքնիշխանության նկատմամբ բացարձակ անտարբեր են, պատրաստ են տնտեսական և ֆիզիկական անվտանգության դիմաց հնազանդության, տարածքային զիջումների: Առանձնահատուկն այն է, որ նրանք պատմություն երբևէ չեն ուսումնասիրել, քանի որ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ հնազանդությունը ու զիջումները պացիֆիզմից ելնելով՝ որևէ լավ տեղ չեն տանում: Մյուսն անտարբերների խումբ է: Այստեղ երիտասարդների և ինտելեկտուալների շատ մեծ խումբ կա: Նրանց հիմնական թեզն այն է, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Չես զբաղվում քաղաքականությամբ, բայց քաղաքականությունը քեզնով կզբաղվի: Երրորդը համակերպվողների խումբն է՝ ամենավտանգավորը: Նրանք տեղի ունեցածն ընդունում են՝ որպես ավարտված իրողություն և կարծում, որ իրատեսական չէ ունենալ շատ լուրջ զարգացման երազանքներ: Եռանդուն ազգայնականներն էլ մի խումբ են՝ փոքր-ինչ ռազմատենչ, որոնց բառապաշարը տարիներ ի վեր չի փոխվել»:
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ հասարակության՝ այսպիսի խմբերի բաժանման պատճառը շոկն է: Նա պարզաբանեց. «Սին պատրանքներ ենք ունեցել, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, և քրիստոնյա աշխարհը մեզ կաջակցի, մենք բռնապետություններով շրջապատված ժողովրդավարություն ենք, և ժողովրդավար աշխարհը մեզ կաջակցի: Մենք Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդ ենք, և աշխարհը մեզ կաջակցի: Պարզվեց, որ ամենը փուչ է. աշխարհում գործում է ուժը և այն, թե ինչ ես կարողանում ինքդ առաջարկել աշխարհին: Չես կարողանում առաջարկել, ուրեմն քո տեղը թանգարանում է»:
Դավիթ Հարությունյանը ստեղծված իրավիճակից լուծման ճանապարհ է համարում երիտասարդ մասնագետների հետ աշխատանքը, ըստ նրա՝ պետք է ընտրել որակապես նոր ճանապարհ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ