Aravot.am-ը Գյումրու մի քանի տնտեսվարողներից հետաքրքրվեց, թե ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումն ի՞նչ հետևանքներ է թողնում իրենց բիզնեսի վրա։
Նշենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն ու նրանց ընտանիքները շատ հաճախ «փրկում» են սպասարկման օբյեկտների տերերին՝ հատկապես հագուստի խանութներից մեծ առևտուր անելով։ Իհարկե, Գյումրիում կան առանձին ռեստորաններ ու սրճարաններ, որոնք ռազմաբազայի աշխատակիցների ժամանցի սիրելի վայրերից են։
Գյումրու պատմական կենտրոնում՝ Շիրազի փողոցում, գտնվող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ռուբլու փոխարժեքի անկումը ռեստորանային բիզնեսի վրա դեռ զգալի չէ, սակայն շուտով այն գնաճի պատճառ կդառնա։
«Առաքիչներն արդեն իսկ նախազգուշացնում են որոշակի ապրանքատեսակների թանկացման մասին։ Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող ապրանքատեսակների՝ այդ թվում ռուսական արտադրության խմիչքների թանկացման մասին է, գնաճը բավականին զգալի կլինի»,- ասաց Կարեն Հարությունյանը։
Կարդացեք նաև
Նույն փողոցում գտնվող հյուրանոցներից ու մյուզիք հոլերից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը, որը նաև գիշերակացի կազմակերպման ձեռնարկատեր է, նշում է, որ ռուբլու անկման բացասական ազդեցությունը դեռ չեն զգում, սակայն հետաքրքիր մի նորույթ է արձանագրել․ ռուսները մարտ ամսին հանգստի են գալիս Հայաստան, մասնավորապես Գյումրի։
«Ինձ համար անակնկալ էր, որ մարտ ամսվա կտրվածքով հյուրանոցային սենյակներն ու նաև վարձով տրվող բնակարաններն արդեն վերցված են, ամրագրումներ էլ նոր են արել։ Միայն այսօր չորս ամրագրում արեցինք ու բոլորը Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից են։ Ինձ համար իրոք զարմանալի է, որ հոսքը պակասելու փոխարեն ավելանում է։
Ռուսներն այսպես, թե այնպես պիտի հանգստանան՝ անկախ քովիդից, պատերազմից ու հետաքրքիր է, որ որպես ուղղություն՝ վերցրել են Հայաստանը, որն այս պահին նրանց համար դիտարկվում է որպես հարմարավետ, վստահելի ուղղություն է։ Այն անվտանգ է․ ռուսական ռազմաբազան Գյումրիում է, պատժամիջոցներ չկան։ Կարծում եմ ՝սա կապված է նաև եվրոպական ուղղությունների փակ լինելու հետ։
Ռուբլու փոխարժեքի անկումը ծանր է նստում մեր խոպանչիների, նրանց ընտանիքների վրա, որոնք ապահովված խավ չեն, իսկ փող կուտակած ռուս ճանապարհորդների համար գուցե այդքան մեծ խնդիր չէ»,- ասաց Վարդան Սրտաշյանը։
Ի դեպ, մենք ճշտեցինք նաև, որ Գյումրու ռուս զինծառայողներից շատերը, որոնց երեխաները մեծամասամբ հաճախում են կենտրոնական հատվածներից մեկում գործող մանկական զարգացման կենտրոն, ժամանակավորապես հանել են նրանց։
Միայն այսօր հինգ երեխայի են հանել մանկապարտեզից։ Բանն այն է, որ ռուբլու փոխարժեքի անկման պայմաններում մանկապարտեզի վարձը կրկնակի թանկ է նստում ծնողների վրա, իսկ ընտանիքները մոլորվել են, չեն կարող կոմունալ ծախսերը հոգալ, ուր մնաց մանկապարտեզի գումար հասցնել։ Նրանք գերադասել են ժամանակավորապես հանել երեխաներին՝ մինչև ռուբլու փոխարժեքի կարգավորումը։
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գյումրի քաղաքի տնտեսվարողների գործունեության մեջ կարևոր դեր ունեն ռուսական 102-րդ բազայի և սահմանապահ զորքերի աշխատակիցները, տնտեսագետ չեմ, բայց յուրաքանչյուր տնտեսավարողի հիմնական եկամուտների մոտավոր 30% գոյանում էր նրանց կողմից կատարված ուղղակի, կամ անուղղակի ծախսերի շնորհիվ…
Ընդամենը մի քանի օր ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը արդեն շատ տնտեսվարողների մոտ խուճապ է առաջացրել, առավոտից բազմաթիվ զանգեր ու գանգատներ եմ լսել… Այս կերպ շարունակվելու դեպքում քաղաքում իսկապես աղետ կլինի»։
Լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ