ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ասաց. «Մենք չենք հասկանա դրա էությունը, եթե խնդրին ավելի լայն չանդրադառնանք: Կոնֆլիկտը իր այս սուր փուլը մտավ այն բանից հետո, երբ անցած տարվա վերջին Ռուսաստանը երեք առաջարկ ներկայացրեց ՆԱՏՕ-ին եւ Միացյալ Նահանգներին: Ու դրանց մեջ միայն մեկն էր, որ վերաբերում էր այն խնդրին, որը բերեց այս սուր ֆազային: Դա Ուկրաինայի եւ Վրաստանի՝ ՆԱՏՕ չմտնելու առաջարկն էր: Շատ կարեւոր է հասկանալ նաեւ, որ այս սուր փուլն անցնելուց հետո Ռուսաստանը չի հրաժարվելու իր ներկայացրած երեք առաջարկներից:
Այսօրվա խնդիրը նոր չի դրված: Դա Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված պրոբլեմների շարանն է: Ակնհայտ է, որ դրանք ուղղակի շարունակությունն են այն պրոբլեմների, որ ծագել են Վրաստանում, Հայաստանում, Միջին Ասիայում, նույն Ուկրաինայում»:
Գագիկ Մինասյանը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ծանր ռազմական փուլը դեռ մի շաբաթ եւ մի քիչ էլ ավել կարող է տեւել: «Իհարկե, Արեւմուտքը ամեն ինչ անում է, որ դա ավելի դաժան, արյունահեղ լինի, ավերածությունները ավելի մեծ լինեն: Դա բխում է իր ստրատեգիական շահերից, որպեսզի Ռուսաստանը ավելի շատ վարկաբեկվի եւ ռուս-ուկրաինական հարաբերությունները, գուցե, սառը, բայց հակամարտության փուլ մտնեն: Պատերազմի արագ ավարտումը բխում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ժողովրդի շահերից, իսկ ավելի երկար զարգացումը՝ արեւմուտքի շահերից:
Արդեն պիտի ասել, որ այն փոփոխությունները, որ տեղի ունեցան 1939 թվականին, երբ Արեւմտյան Ուկրաինան միացվեց խորհրդային Ուկրաինայի տարածքին, այդտեղից բավականին լուրջ հակամարտություն դրվեց Ուկրաինայի արեւելքի եւ արեւմուտքի միջեւ: Եվ դա այնքան խորն էր, որ անգամ խորհրդային տարիների հատուկ ճնշման դրսեւորման պարագայում հնարավոր չեղավ հաղթահարել: Այս հակամարտությունն էլ ավելի է խորացնելու դա:
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո: Միակ եզրակացությունը, որ հիմք կտա պատկերացնել ապագան, այն է, որ դժվար է պատկերացնել, որ Ուկրաինան պետք է մնա միատարր մի երկիր: Ամենայն հավանականությամբ շատ ավելի կանխատեսելի է, որ կդառնա կոնֆեդերատիվ պետություն, որտեղ Ուկրաինայի տարբեր հատվածներ կունենան իրենց ինքնուրույնությունը եւ պետական մակարդակի որոշումների վրա լուրջ ազդեցություն: Այդ թվում, վետոյի, եթե խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, դրա ընտրված գծի կտրուկ փոփոխությանը»,- ասաց բանախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ