Ազգային ժողովը մարտի 1-ի նիստում քննարկել է ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ որոշմանը, ինչպես նաեւ դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը:
Առաջարկվում է դատավորների համար սահմանել կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամանակահատվածներից եւ ծննդյան տարեթվից՝ այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի եւ հավելավճարի հանրագումարի հետ:
Առաջարկվում է դատախազի, ինչպես նաեւ Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում եւ Պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի համար՝ որպես կենսաթոշակի իրավունք տվող պայման սահմանել դիմումի հիման վրա, ինչպես նաեւ հաստիքների կրճատման, առողջական վիճակի վատթարացման հիմքով պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունենալը:
Կարդացեք նաև
Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Լիլիթ Մինասյանը նշել է, որ այս փոփոխությունն իրականացվում է իրենց կուսակցության նախընտրական ու Կառավարության ծրագրերում ներառված դատաիրավական բարեփոխումների համատեքստում:
Օրվա նախավերջին նիստում պատգամավորները «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ հանդես են եկել հայտարարություններով:
Ազգային ժողովը հերթական նիստերի աշխատանքը կշարունակի մարտի 2-ին՝ ժամը 10:00-ին:
ՀՀ Ազգային ժողով