Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ-ում կա 200 հազար մարդ, որոնք խնդիր են դնում կայացնել նորից պետություն, ուրեմն էս պետությունը կայանալու է». Վահե Հովհաննիսյան

Մարտ 01,2022 20:02

«Եթե ՀՀ-ում  կա երկու հարյուր հազար մարդ, որոնք խնդիր են դնում կայացնել նորից պետություն, ուրեմն էս պետությունը կայանալու է: Վստահ եմ՝ այդ մարդիկ կան»,- «Հայկական օրակարգ. հետպատերազմյան Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այս մարդիկ ի զորու են կայացնել պետականությունը զրոյից: Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ-ի նոր օրակարգը պետք է ներառի ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը. «Եթե դա չեղավ, մնացած ամեն ինչ տեսություն է: Մյուսը Արցախի հայաթափության կասեցումն է: Չեմ խոսում Մինսկի խմբի շրջանակներում ընդունված բանակցային սկզբունքների մասին: Ուղղակի Արցախի հայաթափման կասեցում: Այս պահին դա է պետք: Երրորդը՝ Սյունիքի թեմայի փակում: Դա բարդ խնդիր է, քանի որ իշխանությունը շատ է այդ ուղղությամբ գնացել: Ցանկացած գնով Սյունիքի ռիսկերի թեման պետք է փակվի: Հաջորդը հայկական աշխարհի փլուզման խնդիրն է: Այն եռամիասնական համակարգը, որ կար, փլուզվել է, առաջացել է լուրջ ճգնաժամ: Գնում է պետականակենտրոն Հայաստանի գաղափարի արժեզրկում: Սա շատ լուրջ միտում է»:

Վահե Հովհաննիսյանի համոզմամբ՝ հայկական օրակարգի երկու հենասյուն կա՝ ազգային ու անհատական արժանապատվություն և սառը պրագմատիզմ: Նա մանրամասնեց. «Հակառակն արկածախնդրություն է: Դու չես կարող վերականգնել պետականություն առանց սառը պրագմատիզմի: Հուսով եմ՝ կունենանք նոր ստեղծված քաղաքական հոսանքներ կամ ձևաչափեր: Իսկ ռիսկը բաժանումն է: Այն աշխատասենյակներում, որտեղ մշակվեց սև ու սպիտակի բաժանումը, որը բոլոր տապալումների գաղափարական հենքն էր, հիմա դա կորցրել է սրությունը, բայց նրանք, որոնք հասկանում են, որ սա բերում է իրենց համար հաջողություններ, նոր բաժանումներ են մտցնելու: Սա որպես սուր ռիսկ եմ ձևակերպում և վստահ եմ, որ հայ ժողովրդի բաժանման համար արդեն նոր բանաձևեր կան: Մենք էլ բացի խոսելուց պետք է գնանք ավելի հստակ ճանապարհով: Պետք է ՀՀ-ում լինի երկխոսություն, երկխոսություն հանրության լիդերների միջև մի քիչ չեմ տեսնում՝ ինչ երկխոսելու դաշտ կա: Պետք է լինի երկխոսություն նրանց ընտրազանգվածների միջև: Իշխանությունն՝ իր մնալու գրավականը տեսնում է այս իրավիճակում: Այս խնդիրը պետք է լուծի ոչ իշխանական համակարգը: Կա երկու ընդդիմադիր խմբակցություն՝ կազմված բավականին մեծ թվով գրագետ ու լուրջ մարդկանցից, որոնք չեն կարողանում իրենց առաջ դրած խնդիրը լուծել: Մենք նայում ենք հանրային  դաշտին. կա մի մեծ ցանկ շատ լուրջ մարդկանց, որոնք գրագետ են ու ճիշտ բաներ են խոսում, այդ ցաքուցրիվ է՝ ոնց պետք է դառնա ընդհանուր բովանդակություն: Աշխարհն այլ ձևաչափեր չի մտածել. որևէ միավորում, շարժում, քաղաքական կուսակցություն, մի շարք ուժերի դաշինք կարող է լինել: Եթե քննարկեցինք ու գնացինք տուն, ոչինչ չի լինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031