Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք ձևակերպել մեր այն օրակարգը, որով պետք է ապրենք հետագայում». Արթուր Վանեցյան

Մարտ 01,2022 19:07

«Որոշեցինք՝ չպետք է անձնավորենք, բայց չեմ կարող չնշել, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք կտրել այն պարտությունների շղթան, որը մեզ հետապնդում է և կարողանանք ձևակերպել մեր այն օրակարգը, որով պետք է ապրենք հետագայում»,- «Հայկական օրակարգ. հետպատերազմյան Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա վստահեցրեց՝ մարդիկ ուզում են անվտանգային երկարաժամկետ երաշխիքներ, որոնք, ըստ նրա, այսօր մեր երկրում չկան: Արթուր Վանեցյանը փաստեց. «ՀՀ սուվերեն տարածքում արդեն շատ երկար ժամանակ գտնվում է թշնամու զինուժը, ունենք չհստակեցված սահմաններ, անհասկանալի հարաբերություններ մեր հիմնական դաշնակիցների հետ, ունենք խնդիր միջազգային ատյաններում միջազգային գործընկերների հետ: Եվ այդ բոլորը լուծում է պահանջում, և մենք դա պետք է նայենք նաև գլոբալ անվտանգային միջավայրում, որն այսօր բացակայում է»:

Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ ՀՀ-ի ներկա իշխանության գործունեության պատճառով մենք կորցրել ենք միջազգային հանրության աջակցությունը: Այս առիթով հիշեցրեց. «44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ բացառությամբ Ֆրանսիայի և ՌԴ-ի գոնե որևէ հայտարարություն չեղավ դատապարտող: Ուստի առաջին հերթին պետք է ձևավորել նորմալ, պրոֆեսիոնալ մարդկանց իշխանություն՝ առանց նախկիններ-ներկաներ կեղծ պնդումների: Իրականում համաձայն եմ Արմեն Գևորգյանի հետ, որ մեծ երկխոսություն է  պետք,  ինչպես պետք է երկխոսենք, ով, ում հետ: Հասարակությունը պետք է մեծ երկխոսության մեջ մտնի անկախ քաղաքական հայացքներից, և իրական առողջ ուժերը երկխոսության արդյունքում հասնեն իրավիճակի, երբ ունենք հանդարտ իրավիճակ, նորմալ հասարակություն, որը կկարողանա  ձևակերպել այն օրակարգը, որը մեզ հետագայում պետք է: Կարծում եմ՝ հայկական օրակարգի ձևավորման հարցում իր ուրույն  դերակատարությունը պետք է ունենա Սփյուռքը»:

Փաստմանը՝ խորհրդարանական ընդդիմությունից դժգոհության առիթ կա, հանրության սպասելիքները չարդարացան, կա՞ վերափոխելու և նոր կոնսոլիդացիոն ներուժ ստանալու գիտակցումը, Արթուր Վանեցյանն այսպես արձագանքեց. «Այդ քննադատությունը կա նաև արտախորհրդարանական ընդդիմության մոտ: Եկեք փորձենք հասկանալ՝ ինչումն է  պատճառը, որ նման քննադատություն գոյություն ունի: Պետք է հասկանանք, որ 8-րդ գումարման ԱԺ-ն սովորական պայմաններում ձևավորված ԱԺ չէ: Առաջին խորհրդարանն է պարտությունից հետո, կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ ստորագրելուց հետո և խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան ակտիվ փողոցային պայքարից հետո:

Հանրությունը, որը մոտ 8-9 ամիս գտնվում էր փողոցային պայքարում, այն ընդդիմադիր գործիչների հետ, որոնց մի մասը խորհրդարանում է, ունեին սպասելիքներ և տվել էին մանդատ ոչ թե գնալ խորհրդարան և կառուցողական աշխատանք իրականացնել գործող իշխանության հետ, այլ մեզ տրվել է մանդատ այս իշխանություններին վռնդելու, քշելու և ստանձնելու երկրի կառավարման պատասխանատվությունը և երկիրը նորմալ ուղու բերելու: Օբյեկտիվ է նման գնահատականը, որ մեզ տրվում է, բայց պիտի հասկանանք, որ կան իրողություններ, որից մենք չենք կարող խուսափել: Ունենք արձանագրված փաստ: Կարծում եմ՝ պիտի ուժ գտնենք մեր մեջ հենց՝ քաղաքական գործիչներն ու առաջնորդները, բացատրեն մեր ընտրողներին, որ, այո, դուք մեզ էս իշխանությանը քշելու մանդատ եք տվել, իրացնելու ենք այդ մանդատը, բայց մինչև այդ մանդատի իրացումը պետք է ուժ գտնենք երկխոսելու, թե ինչպես պետք է ձևավորենք նորմալ միջավայր, այն ժողովրդի ցասումը ձևավորենք, որը կբերի իշխանափոխության և որից հետո կձևավորվի այն իշխանությունը, որն ի վիճակի է հայանպաստ քայլեր ձեռնարկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031