Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում Հայ դատի գրասենյակ գնելու նպատակով ամերիկահայ բարերարը խոստացել է նվիրատվություն կատարել

Մարտ 01,2022 18:10

Ամերիկահայ բարերար, Հայ Յեղափոխական Դաշնակցության աջակից, դոկտոր Մայք Սարյանը՝ Բրյուսելում Հայ Դատի հանձնախմբի համար գրասենյակ գնելու նպատակով տվել է 300 հազար ԱՄՆ դոլար նվիրելու խոստում:

«Դոկտոր Մայք Սարյանը Կալիֆորնիայի գաղութի այն բարերարներից է, որն իր լուման է բերում մեր ազգի իրավունքների պաշտպանության հարցում: Հայոց ցեղասպանության հետապնդման ճանապարհին՝ Հայ դատին կատարած Մայք Սարյանի այս ներդրումն իր դրական անդրադարձը կունենա մեր պահանջատիրական աշխատանքներում», – հաստատեց Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատուրյանը:

Մայք Սարյանը նաև տեսաուղերձով հաջողություն է մաղթել փետրվարի 28-ին Հայաստանում մեկնարկած Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին: Անդրադառնալով հայության առջև ծառացած դժվարություններին, մասնավորապես Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցած մեծ կորուստներին, ամերիկահայ բարերարը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքով հնարավոր կլինի կերտել ավելի լավ ապագա՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Այս առաքելության մեջ նա առանձնահատուկ կարևորել է Դաշնակցության դերը, որն առաջիկա երկու շաբաթների ընթացքում պետք է Ընդհանուր ժողովում բյուրեղացնի իր որոշումներն ու անելիքները:

«Դաշնակցությունն ուժեղ է իր աջակիցներով, որոնք տարբեր միջոցներով նպաստում են մեր համազգային ընդգրկում ունեցող աշխատանքներին: Հայ դատի հետապնդման ջանքերը, մասնավորապես, մշտապես կարիք ունեն ուշադրության և ներդրումների, կամավոր և մասնագիտական ներուժի ներգրավման: Այս նվիրական գործունեությանն իրենց նպաստն են բերում բազմաթիվ բարերարներ, մասնագետներ, երիտասարդներ: Դոկտոր Մայք Սարյանի նվիրատվության այս նախաձեռնությունը, անշուշտ, էապես կնպաստի Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքներին և կլինի դրական նոր ազդակ՝ նմանատիպ աջակցությունների համար: Շնորհակալություն մեր համազգային դատի հետապնդման աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին հաջողություն մաղթելու համար»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031