Մարտի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի պատվիրակությանը՝ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց ոստիկանության և Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի միջև ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը: Նա համոզմունք հայտնեց, որ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի գործընկերության խորացմանը և ընդլայնմանը՝ հատկապես օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ոլորտներում:
Ոստիկանության պետը անդրադարձավ ընթացող բարեփոխումներին՝ մատնանշելով Երևանում ստեղծված պարեկային ծառայությունն ու օպերատիվ կառավարման կենտրոնը։
Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց ՀՀ ոստիկանության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության արդյունավետ օրինակներ։ Նա խոսեց նաև ոստիկանության կրթահամալիրում ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմայով ոստիկանների վերապատրաստման դասընթացների մասին և ներկայացրեց ուղեցույցը։
Կարդացեք նաև
Կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների գործողությունների նոր ծրագրի դրույթները, որոնք հիմնականում առնչվում են գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին, խտրականության բացառմանը, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարին, տվյալների պաշտպանության ամրապնդմանը, կիբերհանցավորությանը և այլն։
Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
ՀՀ ոստիկանություն