Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո ԱՄՆ եւ ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ սկսեցին կիրառել ՌԴ-ի նկատմամբ։
Յուրօրինակ պատժամիջոցներ են կիրառում նաեւ միջազգային այն կառույցները, որոնք մշտապես համարվել են ապաքաղաքական։ Օրինակ ՖԻՖԱ-ն, ՈԻԵՖԱ-ն, Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU)։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) եւ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կասեցրել են ռուսական ակումբների մասնակցությունը հետագա միջազգային մրցաշարերին՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով։ Նույն հիմնավորմամբ էլ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշում է կայացրել, որ Ռուսաստանից ոչ մի երգիչ չի մասնակցի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին:
Երբ Արցախի դրոշն էր հայտնվում ֆուտբոլային խաղերում կամ Եվրատեսիլի մրցույթում, այս կառույցներն, առնվազն անթույլատրելի էին համարում կամ դատապարտում՝ նշելով, թե քաղաքականությունից զերծ են։
Կարդացեք նաև
Արդյոք այս կառույցները երկակի չափանիշներ են կիրառում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում այս խնդրի վերաբերյալ ասաց․ «Ուկրաինայում օրական 50-100 քաղաքացիական անձ է զոհվում, եւ այդ թիվը, ցավոք սրտի, կարծես օրեցօր ավելանում է։ Սա քաղաքականությո՞ւն է։ Ոչ։ Քաղաքականությունը մարդ սպանելու մասին չէ, պետք չէ դրանք խառնել իրար»։
44-օրյա պատերազմում էլ էին քաղաքացիական անձինք զոհվում, արգելված զենք կիրառում ադրբեջանցիները, սակայն ոչ մի պատժամիջոց չկիրառվեց Ադրբեջանի նկատմամբ, Իոաննիսյանն ի պատասխան այս դիտարկմանն՝ ասաց․ «Վատ է, որ չեղավ նման բան։ Ես իմ ուժերի ներածի չափով ամեն ինչ անում էի, որ կիրառվեր։ Բայց դա չի նշանակում, որ եթե մի տեղ անարդարություն է եղել, մյուս տեղում էլ պետք է լինի։ Հիմա պատժամիջոցները օրինաչափ են եւ օրինաչափ կլինեին, եթե լինեին Ադրբեջանի նկատմամբ։ Կրկնեմ՝ Ուկրաինայում օրական 50-100 քաղաքացիական անձ է զոհվում, ծավալները սարսափելի են։ Օրական 30-50 իսկանդերից հրթիռներ են արձակում։ Մարդկայնորեն հասկանալի է, թե ինչո՞ւ են Ռուսաստանին վատ վերաբերվում Եվրատեսիլ, ՖԻՖԱ եւ այլն։ Բա ո՞նց պետք է վերաբերվեին, օրական այդքան մարդ սպանես ու քեզ հետ գնան Եվրատեսիլում երգե՞ն կամ ֆուտբոլ խաղա՞ն»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ