«Շենգավիթ» ԲԿ֊ում հաճելի իրարանցում է՝ 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրն է ծնվել․ մոր խոսքով՝ իսկը Գարիկի փոքրությունն է, Գարիկի պես էլ լավ ու բարի մարդ է մեծանալու:
Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին, կատարեցին այդ երազանքը փոխնակ մոր օգնությամբ:
Փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել, հայրը պատմում է՝ այլ անուն էր ուզում տալ որդուն, բայց մայրը պնդել է՝ թող իրենց Գարիկը կրկին տանը լինի:
Ամուսինները հուզմունքը չեն կարողանում թաքցնել, մայրը պատմում է՝ բալիկի ծնունդից առաջ շատ անհանգիստ է եղել, հետո երազ է տեսել, ու հասկացել՝ վախենալ պետք չէ՝ Աստված ու հերոս Գարիկն այնպես կանեն, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա:
Կարդացեք նաև
Հայրիկի խոսքով՝ ամեն ջանք կներդնեն, որ նորածին որդին անհոգ մեծանա, Գևորգ Դավթյանը վստահեցնում է՝ փոքրիկն իրենց ընտանիքի հույսն ու հավատն է լինելու:
Տիկին Գոհարը չի թաքցնում՝ կարոտել է, երբ իրեն մայրիկ էր ասում որդին, փոքրիկ Գարիկը կօգնի նորից զգալ այդ բերկրանքը👼🏻
Վերջին 1,5 տարին կորցրած որդու կարոտից քուն չի ունեցել, այսուհետ պատրաստ է կրկին անքուն գիշերներ անցկացնել, միայն թե արդեն նորածին Գարիկի կողքին լինելու համար:
Հասուն հղիությունից ծնված փոքրիկը ծնվել է 3,450 կգ․ քաշով և 51սմ․ հասակով, նրա ծնունդն ընդունել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար Աշոտ Սիրունյանը: Հերոսի եղբայրն իրեն հրաշալի է զգում և պատրաստվում է տուն գնալ:
Ծնվելուց հետո փոքրիկ Գարիկը գտնվել է Նորածնային և անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում՝ ղեկավար Հակոբ Մելքումյանի և նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի հսկողության ներքո:
Նազելի Սանոսյանը Գարիկի առաջին բժիշկն է, ինչպես նա է ասում՝ աչքերը բացել ու իրեն է տեսել:
Կլինիկայի ողջ բուժանձնակազմը յուրահատուկ պատասխանատվությամբ ու հուզմունքով են հոգ տանում փոքրիկի մասին:
«Շենգավիթ» բժշկական կենտրոն