Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանություն եք եւ դեռ չեք պարզե՞լ՝ Քոչարյանը կամ նրա ընտանիքը փայ ունեն, թե ոչ»․ Ագնեսա Խամոյան

Մարտ 01,2022 17:06

«Պարոն Ռուբինյան, նախորդի փորձը հաշվի առնելով՝ կարծում էի, որ այսօր կպատմեինք, թե ինչ եք խոսել թուրք բանագնացի հետ, ի՞նչ եք պայմանավորվել։ Առաջին հանդիպումից հետո մեզ վստահեցնում էիք, որ ընդամենը ծանոթություն է եղել։ Փոփոխվող աշխարհում ձեր պայմանավորվածությունները որքանո՞վ են ժամանակավրեպ կամ ոչ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով հայ-թուրքական երկխոսության հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Փոխարենը ընդդիմության նախագծերը չեք քննարկում՝ այն դեպքում, երբ ընդդիմությանը մեղադրում եք օրենսդրական նախաձեռնություններ չբերելու մեջ։ Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր, նման նախագծեր էր բերում»,-նկատեց Ագնեսա Խամոյանը։

Ապա նա անդրադարձավ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի՝ այսօր հնչեցրած մի շարք մեղադրանքներին եւ ասաց․ «Գորդեն փելես» հյուրանոցը նվիրատվությամբ հանձնվել է պետությանը, որից հետո ապօրինի գույքի բռնագանձմամբ չէ, որ մտել է պետության հաշվեկշիռ։ Արմեն Ավետիսյանի մասով հարուցված քրեական գործը կարճվել է։ Ժողովրդին կարո՞ղ եք բացատրել, թե ի վերջո ինչ տեղի ունեցավ, որովհետեւ Արմեն Ավետիսյանն իշխանափոխությունից հետո կարող էր ասել, որ, օրինակ, ատրճանակը պահել են գլխին, եւ նվիրաբերել է պետությանը։ Այդ հյուրանոցի ամսական պահպանման ծախսը վեց եւ կես միլիոն դրամ է։ Այդքան է պետությունը ծախսել միայն պահպանության վրա։ Իսկ մամուլում տեղեկություններ կան, որ հյուրանոցը ձեռք բերած անձն իշխանության հետ է փոխկապակցված»։

Խամոյանը հավելեց․ «Հիշողության թարմացում անեմ, որովհետեւ Ալեքսանյանը խոսում էր Ռոբերտ Քոչարյանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում փայ ունենալու մասին։ Չորս տարի իշխանություն եք եւ դեռ չեք պարզե՞լ՝ Քոչարյանը կամ նրա ընտանիքը փայ ունեն, թե ոչ։ Այնպիսի լուրջ եւ խրոխտ ձայնով եք այդ մասին խոսում այստեղից՝ այն դեպքում, երբ պղնձամոլիբդենային գործարանից 15% հանձնվել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին։ Ոչ, ոչ թե պետությանը, այլ նրա աշխատակազմին։ Դա ի՞նչ գործարք էր, ինչպե՞ս եւ որտե՞ղ է այն ձեռքբերվել եւ ինչի՞ դիմաց։ Առաջարկում եմ քննիչ հանձնաժողով ստեղծեք ու պարզեք, թե ով ինչ փայ ունի, բայց չեք ստեղծի, որովհետեւ պետք է պատասխանեք հարցին, թե ինչպես եղավ այդ 15%-ի նվիրատվությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031