Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն եւ նրա անդամ երկրները գերադասեցին լռել՝ չդատապարտելով և չկանխելով Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ագրեսիան. Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում

Մարտ 01,2022 16:27

Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստի ընթացքում

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի՝ փետրվարի 24-25-ը տեղի ունեցած ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը: Ելույթ ունենալով Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում՝ պատգամավորը նշել է.

«Հարգելի գործընկերներ,
ավաղ, Ադրբեջանի պատվիրակությունը երբեք չի խուսափում միջազգային հարթակներում կեղծել պատմությունն ու տարածել ապատեղեկատվություն:

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի եւ Արցախի Հանրապետության շուրջ ձեւավորված նոր իրողությունների վրա:

Ես, իսկապես, հավատում եմ, որ ԵԱՀԿ-ի շահերից եւ պատասխանատվությունից է բխում բարձրաձայնել եւ բացահայտել այն հանցագործությունները եւ միջազգային իրավունքի խախտումները, որոնք ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում իրականացվել են հայ ժողովրդի նկատմամբ: Ցավոք, ԵԱՀԿ-ն եւ նրա անդամ երկրները գերադասեցին լռել՝ չդատապարտելով եւ չկանխելով Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ագրեսիան: Եւ այս ձախողումը նոր բռնություններ եւ ուժի գործադրման նոր հնարավորություններ ծնեց:

Անվտանգությունը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենակենսական խնդիրը:

Շուրջ 10 ամիս ադրբեջանական զորքերը, հատելով ՀՀ պետական սահմանը, շարունակում են օկուպացված պահում Հայաստանի տարածքները: Եւ կրկին ԵԱՀԿ անդամ ոչ մի երկիր չդատապարտեց Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ այս ոտնձգությունները:

Մարդկային զոհերի կողքին ահռելի են նաեւ մշակութային կորուստները: Ադրբեջանի էթնիկ զտումների եւ մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականությունը սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի բնակչությանը: Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման եւ գիտական զեղծարարության դեպքերը շարունակական են:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հստակ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական պատմամշակութային մշակութային ժառանգության, ներառյալ եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների դեմ»:

Բայց ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով անգամ միջազգային դատարանի որոշումը, ստեղծել են աշխատանքային խումբ, որը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում «հայկական հետքերը» վերացնելու նպատակ է հետապնդում:

Թուրքադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մոտ 90 հազար հայեր են տեղահանվել, այդ թվում՝ Շուշիից եւ Հադրութի շրջանից ու ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանում: Հազարավոր կանայք եւ երեխաներ ամեն օր բախվում են հումանիտար ճգնաժամի հետեւանքներին: Հակառակ եռակողմ հրադադարի համաձայնագրին՝ նրանց անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր չի իրականացվում, քանի որ այդ տարածքները այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Հարգելի գործընկերներ, Հայաստանում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է ավելի մեծ ներգրավվածություն: Եթե մենք նվիրված ենք եւ ազնիվ մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու մեր մտադրություններում, ապա պետք է հրատապ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող լուծված համարվել ագրեսիայի եւ պատերազմի միջոցով: Հակամարտությունը սպասում է իր արդար լուծմանը, որը պետք է ներառի նաեւ Արցախի կարգավիճակի որոշումը:

Մենք կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ԵԱՀԿ-ի կողմից ստացված մանդատի համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար»:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031