Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ հաշվով՝ իշխանության հարցը երկրում, ոնց նայում ես, փակված չէ». Արմեն Գևորգյան

Մարտ 01,2022 15:52

«Դոփել խնդիրների մեջ ու ապրել սպասումներով, որ հեսա մի բան կլուծվի, դա բերում է մի իրավիճակի, երբ դու ոչինչ չես անում, նշանակում է լինել անընդհատ ռեֆլեքսիայի վիճակում, իսկ հանրության մի մասն էլ արտաքին սպասումներով է ապրում»,- Հայկական օրակարգ. հետպատերազմյան Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը:

Խոսելով հայկական օրակարգից՝ նա մի շարք վտանգներ ու ռիսկեր ներկայացրեց: Մասնավորապես նշեց. «Ինձ համար հայկական օրակարգն ունի երեք հարթություն: Առաջինը ներպետականն է, որտեղ բավականին բարդ բարոյահոգեբանական գործընթացներ են տեղի ունենում: Մյուսը համահայկականն է, երբ խնդիրները չեն պարփակվում ՀՀ-ով, այլ ողջ հայկական աշխարհի վրա են տարածվում: Երրորդը աշխարհաքաղաքական հարթությունն է, երբ ՀՀ-ն գտնվում է իրենից ոչ անկախ տարբեր զարգացումների կիզակետում: Հատկապես այսօրվա զարգացումները նաև մեզ հետ ուղիղ առնչություն ունեցող երկրների հետ, վկայում են այն մասին, որ մենք այս ամենին անտարբեր լինել չենք կարող»:

Ըստ Արմեն Գևորգյանի՝ այսօր ունենք հայկական պետության որակի, պետության ներսում հանրային հարաբերությունների բնույթի խնդիր: Նա այս առիթով արձանագրեց. «Այս երեք հարթություններում և այս երկու օբյեկտների հետ կապված պիտի ասել, որ կան հատման տարբեր կետեր: Համոզված եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները, կարգավորման ուղիները ներպետական և համահայկական, ինչպես նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն»:

Ռիսկերից Արմեն Գևորգյանն առանձնացրեց հետևյալը. «Դրանք ավելի տեխնոլոգիական ռիսկեր են: Ռիսկ եմ տեսնում ներքաղաքական գործընթացներում այն առիթով, որ մենք անընդհատ խոսում ենք անցյալի ու ներկայի մասին և չենք կարողանում կենտրոնանալ ապագայի, ելքերի ու խնդիրների վրա: Այդ քննարկումների շուրջ կոնսենսուս չի ձևավորվում: Ոնց որ թե խորանում է այն, որ մենք պատանդ ենք դառնում նախկիններ ու ներկաներ մոտեցմանը: Կարծես այդ մոտեցման մեջ այլընտրանք չկա: Սա շատ վտանգավոր է: Կարծում եմ՝ պետք է դրա մասին լուրջ մտածենք: Երրորդ ռիսկն է՝ արդյոք մենք այսօր բոլորս միասին ՀՀ-ում, Սփյուռքում ունե՞նք ունակություն ճիշտ ու համարժեք գնահատել մեր համազգային ռեսուրսներն ու զարգացման հեռանկարները: Հիմա ավելի է խորանում այս ճիշտ գնահատման ունակության բացակայման ճգնաժամը»:

Հարցին՝ ի՞նչ կարելի էր անել, որ չի արվում այս ռիսկերի հաղթահարման համար, Արմեն Գևորգյանն այսպես պատասխանեց. «Եթե ասեմ, որ պատկերացնում եմ որոշակի քայլերի հերթականություն, միանգամից կարձանագրեն, որ որոշակի հավակնություններ ունեմ: Չունեմ նման հավակնություններ: Միակ բանը, որը պատկերացնում եմ, ու բացակայում է, երկխոսությունն է: Ցավոք, կդժվարանամ ասել՝ որ ձևաչափն է ամենաճիշտը, համենայն դեպս, այսօր մի ստվար զանգված հանրային կյանքի դուրս է մնացել քաղաքական- հասարակական գործընթացներից: Շատերը համակերպվել են ԱԺ վերջին ընտրությունների արդյունքների հետ, մտածում են, թե խորհրդարանական ընդդիմությունը թող պատասխանատվություն կրի: Կարծում եմ՝ մեծ հաշվով իշխանության հարցը երկրում ոնց նայում ես, փակված չէ, քանի որ բոլորի մոտ կա դիսկոմֆորտ: Այնուամենայնիվ, բնակչության արդեն մեծամասնությունը չի տեսնում կամ չի գտնում իր մեջ այն հնարավորությունը տեսնելու, որ երկրի ներսում զարգացումները գնում են ճիշտ ուղղությամբ: Դա նշանակում է, որ երկխոսությունն ավելի պիտի ընդլայնվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031