«Ձեր քաղաքական թիմի առաջնորդը երբ երկիրը բաժանում էր նախկինների եւ ներկաների, սեւերի եւ սպիտակների, էլիտաների եւ խեղճուկրակների, դուք անձամբ մոտեցել եւ ասե՞լ եք, որ չի կարելի, որ դա պետության հիմքերը խարխլող գործիքներից է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն ԱԺ գլխադասային հանձնաժողովի համաձայնությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու է առաջադրել ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
«Հաշվեքննիչ պալատի ղեկավարը պետք է այնքան ուժեղ լինի, որ որեւէ մեկը զանգով հրահանգներ չտա»,-նկատեց Գեղամ Նազարյանը։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հաշվեքննիչ պալատի նախագահի նկարագիրը սահմանված է օրենքով․ «Իսկ թե ես նախկինում ինչով եմ զբաղված եղել, իմ կենսագրությունում կա իմ անցած ճանապարհը, որի ընթացքում շատ քննարկումների եմ մասնակցել, բայց հարկ չեմ համարում այս կարգավիճակում հարցին պատասխանել ըստ ձեր պատկերացման։ Դուք ուզում եք լսել «այո» կամ «ոչ», իսկ իմ կարծիքով՝ մասնագիտական աշխատանքն այլ տրամաբանությամբ է լինում»։
Կարդացեք նաև
Գեղամ Նազարյանը պատասխանեց, որ չի ակնկալել լսել «այո» կամ «ոչ»․ «Կարեւոր պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ամեն պահի պետք է վճռականություն ունենա դիրքորոշում արտահայտելու։ Դուք ունե՞ք այնքան վճռականություն, որ կաշկանդված չլինեք այս կամ այն պաշտոնյայի զանգով»։
Ջանջուղազյանը պատասխանեց, որ իր աշխատանքային ճանապարհը հրապարակային է, եւ խոսքով չէ, որ ինչ-որ բան պետք է հիմնավորի․ «Գտնում եմ, որ ունեմ, եւ դրա դրսեւորումները բազմաթիվ են»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ հետաքրքրվեց՝ օրինակա՞ն է այն փաստը, որ վարչապետն ԱԺ գալու եւ քաղաքական թիմին ոչ թե վարչապետի, այլ թիմի առաջնորդի կարգավիճակում հանդիպելու համար երեկ մեծաթիվ ոստիկանների ռեսուրս է օգտագործել։ «Այո, օրինական է»,-պատասխանեց Ատոմ Ջանջուղազյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ