Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինայում ապրող շատ հայեր նախընտրել են մնալ իրենց տներում, իրենց բիզնեսի գլխին». Հովհաննես Ալեքսանյան

Մարտ 01,2022 15:32

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ուկրաինայում 400-500 հազար հայ է ապրում: Կա՞ արդյոք կոնկրետ պաշտոնական տվյալ, թե որքան էր Ուկրաինայում ապրող հայերի թիվը ռուս-ուկրաինական պատերազմից առաջ: «Մեդիա կենտրոնում» ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը պատասխանելով այս հարցին` նշեց. «Մի շարք երկրներում, այդ թվում հետխորհրդային տարածքի, մարդահամարներ վերջին շրջանում չեն անցկացվել: ՌԴ-ում եւ մի շարք այլ երկրներում տասը տարին մեկ մարդահամարներ էին իրականացվում: Վերջին պաշտոնական մարդահամարը չկա, ուստի այս պահին պաշտոնական տվյալների մասին խոսելն անիմաստ է»:

Հովհաննես Ալեքսանյանը հավելեց, որ Հայաստանն ունի դրսում ապրող հայերի մասին որոշ տվյալներ տարբեր երկրների համայնքային կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից. «Հայության իրական թվաքանակը Ուկրաինայի տարածքում 400-500 հազար է: Մենք գործ ունենք մեծությամբ չորրորդ հայկական համայնքի հետ, որը կազմում է Ուկրաինայի բնակչության 1 %-ից ավելին: Պետք է շատ լուրջ հետեւություն անենք եւ հասկանանք, որ ուկրաինահայ համայնքը խոշորագույններից մեկն է աշխարհում եւ Ուկրաինայի յուրաքանչյուր 100-րդ բնակիչ ազգությամբ հայ է»:

Նրա խոսքով, եթե Սփյուռքի տարածվածության ու աշխարհագրության մասին ենք խոսում, ապա մեծությամբ առաջինը ՌԴ հայ համայնքն է, որտեղ պաշտոնական տվյալներով 1 մլն 200 հազար հայ է ապրում, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մինչեւ 3 մլն, այնուհետեւ ԱՄՆ հայկական համայնքն է` ավելի քան 1,5 մլն հայ, Ֆրանսիայի Հանրապետությունում հայկական համայնքը` շուրջ 700 հազար է եւ չորրորդը մեծությամբ` Ուկրաինայի հայ համայնքը:

Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ 2014թ.ից Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի արդյունքում հայ համայնքը կամա թե ակամա հայտնվել է հակամարտող կողմերի ճամբարներում. «Մեր նշած 500 հազար հայերից 100 հազարը կազմում են Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի հայությունը, որոնք հայահոծ տարածաշրջաններ են, թեեւ Ուկրաինայի մնացած տարածաշրջաններում էլ են հայեր ապրում: Նրանց մեծ մասն ունի Ուկրաինայի քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ, բայց կան նաեւ ՀՀ քաղաքացիներ:

Ներքաղաքական ճգնաժամը, որը հանգեցրել է Ուկրաինայի այսօրվա վիճակին, փաստացի պատերազմի՝ բերել է նրան, նպաստել է նրան, որ մեր հայկական համայնքները Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններում վտանգվեն: Ինչքան կտեւի ռազմական գործողությունների ակտիվ փուլը, դժվար է կանխատեսել: Այսօր արդեն իսկ հասունանում է հումանիտար ճգնաժամ: Շուրջ 10 օր է ՝ակտիվ կապի մեջ ենք տարբեր համայնքների հետ, ինչպես Դոնեցկում ու Լուգանսկում` ինքնահռչակ հանրապետությունների հատվածում, այնպես էլ Դոնեցկի, Լուգանսկի մարզերում, որոնք Ուկրաինայի հանրապետության կազմում ձեւավորվել են 2014թ:

Հիշեցնեմ, որ Դոնեցկի ու Լուգանսկի նախկին մարզերը կիսված են երկու մասի. կա ինքնահռչակ հանրապետությունների մարզ, որը 1/3-ն է զբաղեցնում համապատասխանաբար նախկին մարզերի, եւ 2/3-ով ձեւավորվել են ռազմաքաղաքացիական մարզեր, վարչակազմեր, որոնց կենտրոններից մեկը Կրամատորսկն է, մյուսը Սեւերոդոնեցկը: Այս երկու քաղաքների շուրջ բարդ իրավիճակ է, հայերն էլ ապրում են թե այս կողմում, թե այն: Հիմնական խնդիրը կարող է լինել Դոնբասի տարածաշրջանում, քանի որ այնտեղ ունենք խիտ բնակեցված հայություն, գյուղաբնակ, եւ փոքրիկ, եւ խոշոր քաղաքներում ապրող հայություն: Բարդ իրավիճակ է նաեւ Օդեսայում, Խարկովում, Դնեպրում, ու պարզ չէ, թե երբ կհանգուցալուծվի»:

Նա նաեւ հավելեց, որ տարվա սկզբից կանխատեսելով հակամարտության հասունացումը` որոշ հայ ընտանիքներ դուրս էին եկել Ուկրաինայից, շփման գոտիներից, բայց շատերը նախընտրել են մնալ իրենց տներում, իրենց բիզնեսի գլխին, մինչեւ իրավիճակը հանգուցալուծում ստանա. «Այդպիսի ընտանիքների տեղաշարժի հնարավորությունները սահմանափակված են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031