Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հիշում վրդովված ուկրաինացիների, երբ Զելենսկին 1000-ավոր հայերի կյանքեր խլած Էրդողանին շքանշան էր հանձնում ». Սարիկ Անդրեասյան

Մարտ 01,2022 15:20

Ռուսաստանցի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը գրառում է կատարել ինստագրամի իր էջում` զուգահեռներ տանելով ռուս-ուկրաինական պատերազմի ու 44-օրյա Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ` հայտնի մարդկանց կեցվածքի միջեւ:

«Ուզում եմ ինչպես դպրոցում ձեռք բարձրացնել ու հարց տալ: Կարելի՞ է հարց տալ` ձեզանից որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ռուս կամ ուկրաինացի աստղերից մեկը տեսանյութով կամ գրառմամբ կոչ աներ. « Զելենսկի, կանգ առ, ինքնաթիռներով զենք մի ուղարկիր, մի սպանիր հայերին»:

Ես չեմ հիշում վրդովված ուկրաինացիների, երբ Զելենսկին 1000-ավոր հայերի կյանքեր խլելուց հետո Էրդողանին շքանշան էր հանձնում, չեմ հիշում վիրավորված զգացմունքներով ուկրաինացիների, երբ Ուկրաինայով մեկ կախում էին բիլբորդներ` Ադրբեջանին հաղթանակի առիթով շնորհավորանքներով, չեմ հիշում Մելաձեի, Դոլինայի կոչերը, Կոզլովսկու ու Խամատովայի նամակները: Միայն ռուս ռազմական թղթակիցներն են առավելագույնս արտահայտվել ու հանդես եկել արդարության դիրքերից:

Ես հիշում եմ, թե ինչպես էին հազարավոր հայեր մեկնաբանություններ թողնում Դուդի էջում, որպեսզի նա արձագանքի: Հիշում եմ, թե ինչպես էին հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչները խնդրում իրադարձություններին հանրային հնչեղություն տալ ու ստանում պատասխան, թե իրենց հետաքրքիր չէ: Ստացվում է ուկրաինացիների կյանքը կարեւո՞ր է հայերի կյանքի՞ց, թե՞ ռուսական էլիտան մտածում էր, որ դա բավականաչափ աղմկոտ պատերազմ չէր, որպեսզի խառնվեր դրան: Միգուցե խնդիրն այն է, որ Հայաստանը որպես փող աշխատելու հարթակ այդքան էլ հարմար չէ նրանց համար, ովքեր հիմա զարմացած են: Իրականում պատճառն այն էր, որ այդ պատերազմում Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն էր իրականացնում, եւ Դուդի նման տղերքը մոտիվացիա չունեին այն լուսաբանելու, կարծիք հայտնելու»,-գրել է հայազգի ռեժիսորը:

«Երբ ռուս զինվորը հազարավոր կյանքեր էր փրկում Սիրիայում, ինչո՞ւ այդ «էլիտայից» որեւէ մեկը երախտագիտության որեւէ խոսք չէր ասում, թե՞ դուք ստեղծված եք պորտաբույծ լինելու համար: Փաստորեն գործ ունենք երկակի ստանդարտների հետ: Ես իսկապես հույս ունեմ, որ Դուդն ու «էլիտար» արտիստների խումբը պատասխան կտան այն բանի համար, թե ինչպես են իրենց դրսեւորել այս օրերին: Օրերս զարմիկներս խաղալիքներ ուղարկեցին Մոսկվայի մարզում գտնվող փախստականներին, ես ու եղբայրս էլ մի քանի ընտանիք հյուրընկալեցինք: Մենք չենք կարծում, թե մի կյանքն ավելի արժեքավոր է քան մյուսը, իսկ բումերանգի օրենքը ոչ ոք չի չեղարկել` ինչ ցանես, այն էլ կհնձես, բայց երբ ինքնաթիռները Ուկրաինայի օդանավակայանից թռչում էին, Զելենսկին այդ մասին չէր մտածում»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Սարիկ Անդրեասյանը գրառմամբ դիմել էր Զելենսկուն, վերջինս էլ պատասխանել էր, որին կրկին մի նամակ էր հետեւել: «Դուք իրավացի եք, շատ երկրներ զենք են վաճառել Ալիեւին, բայց ուկրաինական, իսրայելական և բելառուսական բեռնատար ինքնաթիռները թռչում են Բաքու անգամ այս օրերին, եւ ես համարձակվում եմ ենթադրել, որ դրանք բնավ էլ խոզի ճարպ, հումուս կամ կարտոֆիլ չէ, որ հասցնում են Ադրբեջան»,-գրել էր Սարիկ Անդրեասյանը:

Արձագանքելով Զելենսկուն` նա տարակուսանք էր հայտնել, թե Ուկրաինայի նախագահը ինչպե՞ս կարող էր ռազմական դաշինք կնքել այնպիսի հրեշի հետ, ինչպիսին Էրդողանն է. «Դաշինք կնքելով բռնապետերի հետ եւ շնորհելով նրանց «Յարոսլավ Իմաստուն» շքանշանը ՝ դուք հստակ ընդգծեցիք, թե որ կողմում եք, չնայած ես համոզված եմ, որ ուկրաինացիներն այդ կողմում չեն»:

Զելենսկին էլ Ֆեյսբուքում գրառում էր արել․ «Ուկրաինան երբեք ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։ Ընդհանրապես։ Հատկապես այն վայրերում, որտեղ թեժ է, և որտեղ տաք գլուխներն են որոշումներ կայացնում։ Ուկրաինան դեմ է ցանկացած արյունոտ հակամարտության։ Մենք չենք սատարում էսկալացիան և չենք զինում հակամարտող կողմերին։ Միայն թեկուզ այն պատճառով, որ մենք 7-րդ տարին է՝ շատ ծանր պատերազմի մեջ ենք։ Մենք կտրականապես դեմ ենք պատերազմներին և ձգտում ենք խաղաղության»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031