ՔՊ-ն ԱԺ գլխադասային հանձնաժողովի համաձայնությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու է առաջադրել ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
ԱԺ լիագումար նիստում դիմելով թեկնածուին ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը նախ նշեց․ «Զարմանալի է, որ մինչեւ 2018թ․-ը պետական ապարատում փորձ ունեցածների ավանդը գնահատվում է այս իշխանության կողմից։ Պարոն Ջանջուղազյանը 1999թ․-ից եղել է գլխավոր գանձապետ, փոխնախարար։ Հիմա պարոն Ջանջուղազյանը նախկի՞ն է, թե ներկա։ Նախկինի եւ ներկայի վերաբերյալ ձեր բանաձեւումն ինչպիսի՞ն է»։
Գեւորգ Պապոյանը պատասխանեց․ «Ձեր ասած դասակարգմամբ պարոն Ջանջուղազյանը եւ նախկին է, եւ ներկա, եւ, փաստորեն, ապագա (ծիծաղում է․-հեղ․)։ Նախկին եւ ներկա բաժանումը, որքան հիշում եմ, ավելի շատ նախկին իշխանության կողմից է առաջ եկել։ ԱԺ-ում քիչ են մարդիկ, որոնք 2018-ից հետո են եկել աշխատանքի։ Մեծ մասը տարիների փորձ ունեն։ Պետական կառավարման տրամաբանությունն այն է, որ լավագույն կադրերին պետք է օգտագործել։ Օրինակները կան, եւ պարոն Ջանջուղազյանը դրանցից մեկն է»։
Ագնեսա Խամոյանն ասաց․ «Կես կատակ-կես լուրջ․ ՀՀԿ-ում անցած ձեր փորձառությունը հենց նոր խոսեց։ Փաստորեն, դուք գնահատում եք վաստակ ունեցող մարդկանց։ Բայց հիշեցնեմ, որ այս երեք տարում դուք վաստակ ունեցող շատ մարդկանց վարկաբեկել եք, անվանարկել, չհիմնավորված քրեական գործերի մեջ ներքաշել։ Նաեւ հիշեցնեմ, որ նախկին-ներկա բաժանումն, այդ թվում պետական ապարատում է։ Այդ բաժանումը դուք եք դրել՝ մարդկանց սեւերի եւ սպիտակների բաժանելով։ Իսկ պետական ապարատում մեկ «լայքի» համար մարդը կարող է աշխատանքից ազատվել»։
Կարդացեք նաև
Գեւորգ Պապոյանը չհամաձայնեց․ «Խոսքերն այլ են, իրականությունը՝ այլ։ Իրականում պետական ապարատում մեծամասամբ մարդիկ են, որոնք աշխատել են վաղուց եւ չեն ենթարկվել կադրային ջարդի։ Եղել են քաղաքական նշանակումներ, ինչը նորմալ է նախարարների կամ փոխնախարարների պարագայում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ