Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՄԱԳ օրենքի նախագիծն առանց քննարկման հայտնվել է կառավարության կայքում». դիմում ՇՄՆ Հասարակական խորհրդի անդամությունից դուրս գալու մասին

Մարտ 01,2022 15:56

Դիմում ՇՄՆ Հասարակական խորհրդի անդամությունից դուրս գալու մասին

Բոլորին կոչ ենք անում մտնել e-draft, գրանցվել և դեմ քվեարկել ՇՄԱԳ-ին վերաբերող փոփոխությունների անհեթեթ փաստաթղթին, իսկ թե ինչու անել այդպես՝ կարդացեք ստորև:

Հարգելի գործընկերներ և ընկերներ,  2020 թվականի օգոստոսից սկսած  կրկին փոխվեց Շրջակա միջավայրի նախարարը։ Այդ պաշտոնը ստանձնեց Ռոմանոս Պետրոսյանը, ով որոշ չափով մոտ էր ոլորտին, անգամ հայտարարել էր, որ բնապահպանների հետ գտնվում է «բարիկադի» միևնույն կողմում։  Ես և ինձ պես բնապահպանությամբ մտահոգ անձինք հայտ ներկայացրինք Շրջակա միջավայրի նախարարությանը կից գործող Հասարակական խորհրդի անդամ դառնալու համար։

Խորհրդում ունեցել ենք բնապահպանական խնդիրները բարձրաձայնելու և համայնքների ձայնը լսելի դարձնելու նպատակ:

Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման ժամանակ սկսվեց ՇՄԱԳ օրենքի նախագծի մշակման գործընթացը։ Ի սկզբանե նշել ենք, որ եթե իսկապես մեր առաջարկները հաշվի կառնվեն և կընդգրկվեն նախագծում, ապա հանուն հանրային և բնության շահի կհամագործակցենք, կանենք մեր առաջարկները։ Պատասխանը դրական է եղել, նշվել է, որ կլինեն քննարկումներ, ողջամիտ առաջարկները հաշվի կառնվեն։

Սակայն ՇՄԱԳ օրենքի փոփոխության նախագծի մեկնարկից շուրջ 6 ամիս անց էլ որևէ քննարկում չի կազմակերպվել սույն կարևոր օրենքի նախագծի շուրջ։ Անգամ նախարարների փոփոխությունը չբերեց դրական արդյունքի, ավելին, նոր նախարարի օրոք խորհրդի և ոչ մի հանդիպում չի եղել:

Հունվարին Ամուլսարի համար Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի՝ Արփայից ջուր վերցնելու լսումների ժամանակ ՇՄ նախարարության իրավաբանության վարչության պետ Խաչատուր Խաչատրյանն ասաց, որ անպայման կքննարկվեն այս հարցերը։ Մինչդեռ առանց որևէ քննարկման ՇՄԱԳ օրենքի նախագիծը հայնտվել է Կառավարության կայքում, որից հետո էլ կանցկացվի ԱԺ։ Իսկ որ առավել հիասթափեցնողն է՝ դեռևս ամռան վերջում և աշնան սկզբերին փորձագետների կողմից ներկայացված  բավականին ողջամիտ և որ կարևորն է, մասնագիտական բոլոր առաջարկներն անտեսվել են։

Նշենք, որ Կանաչ Հայաստան բնապահպանական, կրթական ՀԿ-ն հավաքագրել էր մի շարք փորձագետների կարծիքները և հանրային կերպով, ինչպես նաև նախարարությանը պաշտոնական գրությամբ ներկայացրել էր բոլոր առաջարկները, սակայն բացի առաջարկների փաթեթը ստանալու ծանուցումից նախարարության կողմից այլ արձագանք չեղավ։

Այսինքն` կարելի է ասել, որ Հասարակական խորհուրդը, ինչպես հնում, այժմ էլ հիմա ցուցադրական բնույթ է կրում, դե իսկ մասնագիտական համագործակցության, որոշումների կայացմանը մասնակցության և ժողովրդավարական այլ արժեքների մասին խոսելը պարզապես անտեղի է:

Ուստի մենք դատապարտում ենք նման անժողովրդավար և հանրային ու բնության շահերից չբխող գործելաոճը և, ֆիկտիվ անդամակցությունից զերծ մնալու նպատակով՝ լքում ենք ՇՄՆ Հասարակական խորհրդի կազմը։

Կանաչ Հայաստան բնապահպանական կրթական ՀԿ
ՇՄՆ Հասարակական խորհրդի արդեն նախկին անդամ և
Կանաչ Հայաստան ՀԿ նախագահ Թեհմինե ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031