Լրահոս
Օրվա լրահոսը

«1945 թվականին մի գյադա նստել էր բունկերում եւ կյանքն ավարտեց ինքնասպանությամբ». ուկրաինացի դիվանագետը՝ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենք կիրառելու հայտարարության մասին

Մարտ 01,2022 14:36

«Ուկրաինական կողմի կորուստների մասին ես դեռ տեղեկություններ չունեմ: Բայց այն կադրերը, որոնք տեսնում եմ Խարկովից, Կիեւից, ապաստարաններից, հիվանդանոցներից, Կիեւի եւ Խարկովի մետրոյից՝ մենք մեծ կորուստներ ունենք: Կան սպանվածներ եւ վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում. նրանք հարյուրավորներ են»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Ուկրաինացի դիվանագետը հավանական չի համարում այնպիսի սցենար, որ Ուկրաինան ՌԴ-ի եւ Արեւմուտքի հակամարտության միջեւ ռազմի դաշտի վերածվի. «Եվս մեկ շաբաթ՝ նման մարտերի եւ ռուսական բանակից ոչինչ չի մնա»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենք կիրառելու մասին հայտարարություններին անդրադառնալով էլ, Դենիս Ավտոնոմովն ասաց, որ եթե Պուտինն ընտրել է ինքնասպանության տարբերակը, դրա համար պարտադիր չէ կոճակ սեղմել: Դիվանագետը ժարգոնային արտահայտությունների անցավ՝ նկատելով, որ 1945 թվականին «մի գյադա նստել էր բունկերում եւ կյանքն ավարտեց ինքնասպանությամբ, սա էլ նստել է բունկերում եւ կարծում է, որ իրեն չեն հասնի, ինքն անվտանգ տեղում է, բայց… ես չեմ կարծում… դա ամենաանհավանական սցենարն է… թեեւ կարծում եմ, որ շատ հատուկ ծառայություններ այժմ աշխատում են այդ մարդու հոգեկան առողջության վերլուծությամբ. դա կարող է վերլուծել հոգեբանը, ոչ թե դիվանագետը, ոչ քաղաքագետը»:

Իշխանության 22 տարիների ընթացքում, դիվանագետի բնութագրմամբ, ՌԴ նախագահի շրջապատը նրան մատուցում է այն, ինչն ինքը ցանկանում է լսել, ոչ թե իրական տեղեկություններ եւ դա արդեն խոսում է այն մասին, որ նա հիվանդ մարդ է, բայց եթե «Խարկովում բնակչության մի մասը ռուսալեզու է, դա չի նշանակում, որ նրանք զենք չեն վերցնի եւ չեն պաշտպանվի ռուսական տանկերից»:

Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Ուկրաինան, որպեսզի ՌԴ-ի հետ համաձայնություն կնքվի: Հիշեցնենք, երեկ սկսված բանակցությունները զուգորդվեցին փոխհրաձգություններով եւ բանակցություններն ավարտվեցին՝ բանակցությունները շարունակելու պայմանավորվածությամբ: Ուկրաինացի դիվանագետը պատասխանեց. «Փոխզիջում պետք է, բայց կապիտուլյացիա չի լինի»: Իր տեղեկություններով, բանակցություններում ուկրաինական կողմն իր նպատակին չի հասել, դրանք կշարունակվեն:

Ռուսական կողմի առաջարկը դիվանագետը համարում է վերջնագիր եւ զիջումների որեւէ քայլ չի տեսնում: Ուկրաինական կողմն առաջարկում է դադարեցնել կրակը եւ հանել զորքերն Ուկրաինայի ինքնիշխան տարածքից. «Մեզ վերջնագիր են առաջարկում, մեզ մնում է կռվել: Դա բանակցություն չէ, դա վերջնագիր է»:

Լրագրողները հիշեցրին, որ պատերազմի առաջին օրերին Ուկրաինայի նախագահը հայտարարում էր, որ մենակ են մնացել եւ հետաքրքրվեցին՝ այժմ զգո՞ւմ են Արեւմուտքի աջակցությունը: Դիվանագետը պատասխանեց, որ հիշում է այդ հայտարարությունը եւ հավելեց, որ այն էմոցիոնալ ֆոնի վրա էր արված. «Մենք միայնակ չենք, ամեն օր իրական զինվորական օգնություն է գալիս: ԵՄ-ն իր պատմության ընթացքում առաջին անգամ ռազմական օպերացիա է ֆինանսավորում՝ 450 միլիոն եվրո արժողությամբ: Այն նպատակաուղղված է ուկրաինական բանակի զինմանը եւ համալրմանը: Այո, դա նոր սպառազինություն չէ, բայց դրանք մեզ այժմ շատ են պետք: ՌԴ-ն կտրված է գումարից, կտրված է օդից, հիմա կտրում են նավահանգիստներից: Մենք միայնակ չենք»:

Հարցին՝ ի՞նչ քայլեր է Ուկրաինան ակնկալում Հայաստանից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է եւ 44-օրյա պատերազմում Ուկրաինայի դիրքորոշումն ադրբեջանամետ էր: Դիվանագետը հայտարարեց, որ այլ պետությունների տարածքային ամբողջականության մասին Ուկրաինայի դիրքորոշումը ի հայտ չի եկել 44-օրյա պատերազմում, այն միշտ էլ հայտնի է եղել: «Հայաստանն այժմ դիրքորոշում չի հայտնում, ամեն դեպքում՝ երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի նիստի ժամանակ քննարկվում էր Ժնեւում կայանալիք նիստի օրակարգում Ուկրաինայի հարցը ընդգրկելու մասին։ Քվեարկության ժամանակ 47 անդամներից 9 կողմ են քվեարկել, ձեռնպահ են քվեարկել 13-ը, որի մեջ է նաեւ Հայաստանը, դեմ են քվեարկել ՌԴ-ն, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան: Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը չի պաշտպանել ՌԴ-ին: Սա լավ ազդակ ենք համարում եւ հույս ունենք, որ նման դիրքորոշումը գոնե շարունակական կլինի»,- ասաց դիվանագետը՝ Հայաստանից ակնկալիքների համատեքստում:

Դիվանագետն ասաց, որ իրենք համագործակցում են հայկական բոլոր այն ուժերի հետ, որոնք աջակցում են իրենց երկրին:

«44-օրյա պատերազմի ժամանակ, այնուհանդերձ, իմ կարծիքով, կողմերի գործողությունների տակտիկան այլ էր: Ուկրաինայում չորս ուղղությամբ հարձակում է տեղի ունենում՝ Չեռնիգովոյի, Խարկովի, ժամանակավոր բռնազավթված Դոնբասի եւ Ղրիմի: Բացի այդ, հրթիռակոծումներ են լինում Բելառուսի տարածքից: Բելառուսը նույնպես միացել է Ուկրաինայի դեմ ագրեսիային: Ուկրաինայի վրա լայնամասշտաբ ճակատային հարձակում է տեղի ունենում: 44-օրյա պատերազմի ժամանակ իրավիճակն, այնուհանդերձ, մի փոքր այլ էր»,- համեմատականներ անցկացրեց դիվանագետը:

Դիվանագետը նաեւ տեղեկացրեց, որ Կիեւում առաջին անհրաժեշտության ապրանքներ, նաեւ սննդամթերք ու դեղորայք կան: Խանութները աշխատում են սահմանափակ ռեժիմով, խանութներում արգելվել է ալկոհոլի վաճառքը: Դիվանագետի որդին Կիեւում է բնակվում. «Երեկ հաց չկար, կրուասան են գնել: Մարդիկ ապրում են»: Իր բնութագրմամբ, բոլորն այն կարծիքին են եղել, որ պատերազմը 2-3 օր կտեւի եւ միայն այժմ է, որ սկսել են «գոտիները ձգել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031