Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա՞ շահերի բախում․ Ջանջուղազյանն աուդիտի է ենթարկելու այն բյուջեն, որն անձամբ է գրել»․ Արմեն Գեւորգյան

Մարտ 01,2022 14:03

ՔՊ-ն ԱԺ գլխադասային հանձնաժողովի համաձայնությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու է առաջադրել ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանին, եւ նրա թեկնածությունն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։

«Չկա՞ շահերի բախում այն հանգամանքում, որ ստանձնելով այս պաշտոնը՝ նա աուդիտ է անցկացնելու այն բյուջեի հանդեպ, որը վերջին տարիներին անձամբ է ղեկավարել»,-հետաքրքրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ դիմելով թեկնածուին ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին։

Պապոյանը նկատեց․ «Կարեւոր հարց եք տալիս, որը երկու կողմ ունի։ Առաջինը մասնագիտական էթիկայի եւ անաչառության դաշտում է, որտեղ գնահատականները կարող են սուբյեկտիվ լինել։ Մյուս կողմից, պարոն Ջանջուղազյանն արդեն մեկ տարի է՝ այդ պաշտոնին չէ։ Որոշակի ժամանակահատված է անցել։ Այսինքն, այնպես չի, որ մենք անձին մի պաշտոնից մյուսն ենք տեղափոխում։ Որքան ես գիտեմ՝ պետական ծառայության մեջ պարոն Ջանջուղազյանը ներգրավված չէ։ Բացի այդ, հաշվեքննիչ պալատը հաշվեքննության է ենթարկում ոչ միայն ֆինանսների նախարարությանը, այլեւ բոլոր նախարարություններին։ Հաշվեքննիչ պալատում լինելու է մեկը, որի գիտելիքներն ավելի ծանր են, քան այն տեսական ռիսկը, որը դուք եք տեսել»։

Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ Ատոմ Ջանջուղազյանի գիտելիքները կասկածի տակ չի դնում․ «Պարզապես հաշվեքննիչ կառույցում գործառույթն ուրիշ է։ Նա պետք է խնդիրներ բացահայտի եւ սխալներ տեսնի այն աշխատանքում, որը նաեւ ինքն է ժամանակին կատարել։ Պետբյուջեի պլանավորումը եւ իրականացումը ֆինանսների նախարարության տիրույթում է եղել։ Ես այս տեսանկյունը նկատի ունեի»։

Գեւորգ Պապոյանն արձագանքեց․ «Վերջին մտքի հետ համաձայն եմ։ Մինչեւ պարոն Ջանջուղազյանն անցնի իր պարտականությունների կատարմանը, կհամընկնի տարեկան հաշվեքննությանը, որի դեպքում մի մասում է նա եղել նախարար։ Ռիսկեր, իմ կարծիքով, չկան։ Վստահենք ինստիտուտներին եւ նախագահով չպայմանավորենք պալատի աշխատանքը։ Պալատում պրոֆեսիոնալիզմի մակարդակ կա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031