Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:
Պաշտպանը Դեսպանին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակն ու դրանց իրականացման համար տարվող աշխատանքներն ու ծրագրերը:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններին, այդ թվում` անվտանգության հարցերում իրավունքահեն մոտեցումների ամրապնդմանը և հետպատերազմական հումանիտար հարցերին՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելումը, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությունը։
Զրուցակիցները անդրադարձ են կատարել Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթությունները և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակը:
Դեսպան Դիոնը բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հարցում:
Մարդու իրավունքների Պաշտպանը և դեսպան Դիոնը նախանշել են մարդու իրավունքների ոլորտում հնարավոր համագործակցության մի շարք ոլորտներ:
ՄԻՊ Հանրային կապերի բաժին