«Ահազանգեր եմ ստացել, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան արտաքուստ շատ լավ բան է արել եւ հավկիթի գինն իջեցրել է մինչեւ 30-35 դրամ։ Սակայն արդյունքում տուժում են փոքր ընկերությունները։ Ինձ տեղեկացրին, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղի համայնքում բաժանելու է իր 8000 հավերը եւ փակվելու է։ 88 աշխատող մնալու է անգործ։ Սա ազատ, արդար մրցակցության դրսեւորո՞ւմ է»,- ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Աշտարակ» ընկերությունը ձեզ դիմել է այս հարցով, իսկ դուք շարունակ ուսումնասիրում եք։ Մինչ ուսումնասիրում եք, ընկերություններ են փակվում»,-շարունակեց Թագուհի Թովմասյանը։
Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ ոլորտին վերաբերող պարզաբանումներ արդեն տվել են․ «Շիրակ» թռչնաֆաբրիկան չունի անգամ տասը տոկոսի շեմ եւ չի կարող դեմպինգ իրականացնել։ Եթե շուկան կայացած չէ, խնդիրները լինում են։ Շղթա է գործում․ մի սուպերմարկետում գինն իջնում է, եւ առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները եւս գինն իջեցնում են։ Չի կարող շուկայում չորս-հինգ տոկոս մասնաբաժին ունեցող ընկերությունն իրականացնել դեմպինգ»։
Թովմասյանը նաեւ հետաքրքրվեց կորոնավիրուսի ՊՇՌ թեստերի գնային քաղաքականության մասին, շեշտեց, որ թեստերի ինքնարժեքը 850-3000 դրամ է, մինչդեռ քաղաքացիները վճարում են 8000-15 000 դրամ։
Կարդացեք նաև
Այս առիթով էլ Գեղամ Գեւորգյանը նշեց․ «Օդանավակայանում հակամրցակցային չարաշահման դեպքի առիթով գործ է հարուցված։ Մեր կայքը հին է, շուտով կթարմացվի, բայց իմ «ֆեյսբուքյան» էջն այդքան էլ հայտնի չէ։ Ամեն դեպքում, կայքում բոլոր ասածներս կան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ